Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ

Հասարակություն

Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունում կլոր սեղան էր հրավիրվել: Քննարկման թեման էր վերջին օրերում Արաբկիր համայնքում խմելու ջրի պատճառով մարդկանց թունավորումների հարցը:

Մասնակիցների թվում էին` ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արբեն Ղուլյանը, Երեւանի «Ջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Ռիչարդ Վոլքլինգը, ՀՀ գլխավոր համաճարակային բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը, ՀՀ պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը, Նորքի սուր ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը:

Ժողովի սկզբում ելույթ ունեցավ Նորքի սուր ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը, որը տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 10-ի դրությանբ հիվանդանոցում ջրով թունավորված հիվանդների ընդհանուր թիվը կազմում էր 213, որոնցից 66-ն արդեն դուրս են գրվել:

Նրա հավաստմամբ վերջին երեք օրերի ընթացքում հիվանդանոցը «թարմ» հիվանդներ չի ընդունել. «Վերջին հիվանդները, որոնց մենք ընդունել ենք 3 օր առաջ, 6 օր շարունակ տանը զբաղված էին ինքնաբուժումով, այսինքն իրենք 6 օր հիվանդ են եղել եւ չեն դիմել հիվանդանոց»:

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արբեն Ղուլյանը հայտարարեց, որ առ այսօր վթարի պատճառները պարզ չեն, քանի որ վթարի կարող էր ենթարկվել եւ ջրամբարով անցնող կոյուղագիծը եւ մինչեւ ջրամբարը եկող ջրագծերից մեկը:

Նա վստահեցրեց, որ Էլետկրալամպերի տարածքի մոտ գտնվող ջրամբարը այդ օրերի ընթացքում չի աղտոտվել եւ Արաբկիր համայնքի բնակիչները հանգիստ կարող են օգտագործել խմելու ջուրը, քանի որ բոլոր կասկածելի աղբյուրները իրենց կողմից արդեն փակված են:

Պարոն Ղուլյանն ասաց, որ այս իրադարձությունների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել եւ միայն ՀՀ Դատախազությունը կպարզի, թե ով է մեղավոր այս հարցում, իսկ իրենք միայն բարոյական փոխհատուցում կկարողանան տալ բնակչությանը: