Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վստահության ճգնաժամ կա» (տեսանյութ)

Քաղաքականություն
6e9bb216043d8d5b42e00d6717c20a1a

«Հայաստանում կա վստահության ճգնաժամ»,- գտնում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա այսօր վստահեցրեց, որ պետք է ունենաս մեծ խիզախություն, որպեսզի կարողանաս ծրագիր իրականացնել. «Շատ մեծ կամքի ուժ պետք է ունենաս, որ կարողանաս այստեղ` Հայաստանում ծրագրեր իրականացնել»: Իսկ վստահության պակասի մեղավորը, ըստ Արա Աբրահամյանի, ոչ միայն իշխանությունն է, այլեւ ընդդիմությունը: Նա կարծում է, որ չի կարելի քննադատել մարդուն` առանց սպասելու, որ նա իր խոստումները կատարի. «Եթե ընտրել եք, տվեք ժամանակ, որ մարդը կատարի իր խոստումը»:

Իսկ արդյոք քաղբանտարկյալների ազատ արձակումը չի՞ նպաստի վստահության մթնոլորտի հաստատմանը` մեր հարցին` Արա Աբրահամյանն ասաց. «Վստահությունը մի քայլով չի ձեռք բերվի, վստահությունը պակետային է, պետք է քայլ առ քայլ վերականգնել»: Եվ այդ խնդրում վճռական է իշխանության դերը:
Արա Աբրահամյանն անգամ իր մաշկի վրա է զգացել հայաստանյան անվստահությունը. «Անգամ իմ կազմակերպությանը չեն վստահում, գիտեք, ինչքան դժվար է առանց վստահության աշխատել»,-«Ա1+»-ի հետ զրույցում խոստովանեց Արա Աբրահամյանը:

Իսկ արդյո՞ք ՀՀ-ում հաղթահարվել է տնտեսական ճգնաժամը: Աբրահամյանի կարծիքով,առաջին փուլն է միայն հաղթահարված, բայց հետեւանքները դեռեւս զգացնել տալիս են: Իսկ անձամբ Արա Աբրահամյանի անձնական բիզնեսում ճգնաժամը կարծես թե հաղթահարվել է, եւ նոյեմբերի 1-ից սկսելու է Հյուսիսային պողոտայի կառուցապատումը: «Վերջացնելու ենք անավարտ մնացած շենքերը եւ կառուցելու ենք նորը»,-«Ա1+»-ին ասաց Արա Աբրահամյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու համար: «Նա կարողացավ ճիշտ ժամանակին վարկեր վերցնել միջազգային կառույցներից, կառավարության հետ մտածված, ճիշտ քայլերի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել, էկոնոմիկայի պոտենցիալը»:

Արա Աբրահամյանը վտանգ չի տեսնում նրանում, որ Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է թույլատրելի չափը` ՀՆԱ-ի 44 տոկոսը: Նա գտնում է, որ հնարավոր կլինի ճգնաժամի վերջնական հաղթահարումից հետո նաեւ վերադարձնել արտաքին պարտքը:
Իսկ հնարավոր է, որ Արա Աբրահամյանը ինչ-որ ժամանակ վերադառնա հայրենիք` ապրելու: «Ոչինչ բացառել չի կարելի»,-եզրափակեց ռուսաստանցի գործարարը: