Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Հասարակություն

«Արմենակ Արմենակյանի մասին թող ոչ ոք չխոսի, թող Վազգեն Սարգսյանի մասին խոսի», - փաստաբան Օլեգ Յունոշեւի մեղադրական ճառում լսելով ամուսնու անունը` հայտարարեց Արմենուհի Արմենակյանը:

Նա դատարանում ասաց, որ «արգելում է որեւէ մեկին այնպիսի հայտարարություն անել, որով կասկածի տակ կդրվի այդ ստահակների կողմից Արմենակյանի սպանությունը»:

Արմենակյանի այրին նույնիսկ խնդրեց, որ դատարանը հաշվի չառնի իր ստորագրությունը այն նամակի տակ, որով «27-ի» զոհերի 6 ընտանիքներ պահանջում էին մահապատժի դատապարտել բոլոր ամբաստանյալներին: Տիկին Արմենուհին հայտնեց, որ ինքը նախօրոք չէր կարդացել այդ նամակը եւ չգիտեր, որ Անահիտ Բախշյանը կասկածում է, որ Արմենակյանին սպանել է ոչ թե 7 ամբաստանյալներից մեկը, այլ մեկ ուրիշը:

Ի դեպ, Արմենուհի Արմենակյանը երրորդ օրն է, երբ դատարանում խոսք է ասում եւ, ըստ դատավորի, հաջորդ անգամ եւս նրան ու նաեւ մյուսներին կթույլատրվի խոսել. «Ներսում ինչ ունեք, ասեք»:

Դատարանը չարգելեց Օլեգ Յունոշեւին ներկայացնել Արմենակյանի սպանության վերաբերյալ իր կասկածները: «Մեղադրական ճառում ներկայացված փաստերը ծայրահեղ անբավարար են, որպեսզի կայացվի հիմնավոր եւ օրինական վճիռ այս հանցագործության համար», - ասաց Սարգսյանների շահերի ներկայացուցիչը:

Ըստ նրա, մեղադրողներին չի հաջողվել մեղադրական ճառում ապացուցել Արմենակյանի սպանության հանգամանքը: Ըստ գործի նյութերի, սպանելով` Արմենակյանին Կարեն Հունանյանը ստուգողական կրակոց է արձակել նրա վրա: Այդ գնդակը հայտնաբերված չէ: Արմենակյանը ընկած է եղել կարմիր նախասրահում գորգի վրա, եւ փաստաբանի համար տարօրինակ է` ինչու ամբաստանյալները պետք է բարձրացնեին ծանր գորգը, մանրահատակը քանդեին եւ հանեին գնդակը: Ըստ նրա, այդ աննկատ չէր մնա, բացի այդ «նրանք կատարել էին այլ սպանություններ»:

Յունոշեւը կասկածում է, որ այդ սպանությունը կատարել է մեկ ուրիշը կամ Արմենակյանը սպանվել է այլ տեղ, ապա նրա դիակը տեղափոխվել է կարմիր նախասրահ: