Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՅԱՆ ԴԻՄԱՑ ԱՐՅՈՒՆ

Հասարակություն

Հենրիկ Աբրահամյանի դուստրը այսօր դատարանից պահանջեց` ամբաստանյալների նկատմամբ առավելագույն պատիժ: «Եթե 100 տարի ամեն օր գնդակահարվեք , էլի քիչ է»,- ամբաստանյալներին դիմեց Աստղիկ Աբրահամյանը:
«Իմ հայրը ողջ կյանքում ապրել է ժողովրդի ցավով, ո՞նց ձեր ձեռքը գնաց կյանքից զրկել բյուրեղյա այդ մարդուն»,- լացակումաց ձայնով ասում էր նա:

Ակադեմիկոս Միքայել Քոթանյանի որդին, հետեւելով դատավարության ընթացքին, եզրակացրել էր, որ լիարժեք գնահատական չի տրվել հոր սպանությանը: Նրա կարծիքով, Միքայել Քոթանյանը սպանվել է ոչ թե պատահական կրակոցից այլ դիտավորյալ. մոտ մեկ ժամ ակադեմիկոսը վիրավոր է եղել, իսկ ահաբեկիչները թույլ չեն տվել նրան բժշկական օգնություն ցույց տալ:
«Այս ամբողջ հանցախումբը արժանի է մահապատժի»,- տվեց իր գնահատականը Տիգրան Քոթանյանը:

Ռուբեն Միրոյանի իրավահաջորդը հայտարարեց, որ ինքը դժգոհ է ամբաստաստանյալներ Համլետ Ստեփանյանին եւ Աշոտ Կնյազյանին ներկայացված պատժաչափերից. նրանք եւս, իրավահաջորդ Քարամյանի խոսքերով, արժանի են առավելագույն պատժի, ոչ թե 14-15 տարվա ազատազրկման:
«Մի գնդակից գնդակահարությունը դրանց քիչ է»,- ասաց նա:

Դատարան էր ներկայացել Արմենակ Արմենակյանի մայրը: «Ես եկել եմ դատարան, որ իմանամ ո՞ր մեղքի համար, ինչի համար Արմենակիս կյանքը խլեցին: Իմ տան վրա, տանիքներիս վրա սեւ քող են քաշել»,- մղկտում էր նա` դատարանից խնդրելով հաշվի առնել որդեկորույս մոր պահանջը. «Գազանանոց գցեք դրանց, թող գազանները հոշոտեն»: