Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆԵՐԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԼՍԵԼ

Հասարակություն

Այսօր շարունակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության քրեական գործով դատավարությունը: Ու թեեւ ամբաստանյալ Արմեն Սարգսյանը վատառողջ էր, դատավորը չընդառաջեց նրա պաշտպանի՝ դատավարությունը հետաձգելու խնդրանքին: Եվ, քանի որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չէր հարցեր ուղղել մյուս ամբաստանյալներին, նրա փոխարեն դա արեցին նրա պաշտպանները՝ Ռոբերտ Գրիգորյանն ու Ամալյա Ավագյանը:

«Ես ոչ Արամ Սարգսյանի անունն եմ լսել, ոչ Արմեն Սարգսյանի: Հըլը Արամ Սարգսյանին տելեվիզորով տեսել եմ, Արմենին առաջին անգամ դատարանում եմ տեսել, - հայտարարեց Տիգրան Նաղդալյանի սպանության անմիջական կատարող Ջոն Հարությունյանը եւ շարունակեց, - Արմեն Սարգսյանի անունը ես լսել եմ քննության ժամանակ միայն, ես ոչ նրան ճանաչել եմ, ոչ էլ նա ինձ պատվիրել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Պատվերը ինձ տվել է Գեղամը, որպես պատվիրատու լսել եմ միայն Լյովայի անունը»:
Նկատենք, որ նրա նախաքննական ցուցմունքում Արմեն Սարգսյանի անունը նշված է:

Ջոն Հարությունյանն ասաց, որ ինքը Սարգսյանների ազգանունը չի տվել, բայց երբ քննիչը իրեն հարցրել է, թե «քո կարծիքով, Սարգսյանները կարո՞ղ էին եղբոր վրեժը լուծել», ինքը ասել է, որ՝ «Հնարավոր է: Ես էլ որ լինեի, իմ եղբոր վրեժը կլուծեի»: Դա էլ հիմք է տվել քննիչին Արմեն Սարգսյանի անունը զետեղել նրա հարցաքննության արձանագրության մեջ:

Բավականին հետաքրքիր էր այն հանգամանքը, որ Ջոն Հարությունյանը չկարողացավ մտաբերել, թե ինչ դիրքում է եղել Տիգրան Նաղդալյանը, երբ նրա վրա կրակել է. «Մութ էր, զգացի, որ աստիճաններով իջնում է, դոշին կրակեցի ու փախա», - ասաց Ջոն Հարությունյանը:

Ըստ նրա, Տիգրան Նաղդալյանը չի տեսել իրեն, որովհետեւ առաջին հարկում մութ էր: Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն, Տիգրան Նաղդալյանի գլխին կրակոցը եղել է ետեւամասից, իսկ Ջոն Հարությունյանը պնդում է, որ ինքը կրակել է դիմացից:

Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը այսօր դատարանում հայտարարեց, որ ինքն էլ չի լսել Արմեն Սարգսյանի անունը: Պատվերն իրենք ստացել են Գեղամ Շահբազյանից:

Նա նաեւ հայտնեց, որ երբ իրեն Մարտունիում կալանավորել են, ինքը չի պատկերացրել, թե ինչի համար են իրեն բռնել: Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ կասկածվելու մասին էլ իմացել է միայն Երեւանում՝ ՆԳՆ-ում. «Ինձ թվաց, թե որ որսով եմ զբաղվում, դրա համար են բռնել»: