Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ 80 ՏՈԿՈՍԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Տնտեսություն

ՀՀ եւ ՌԴ պաշտոնյաները մեկ գավաթ շամպայնով նշեցին պայմանագրի ստորագրումը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին տնօրինել Հայաստանի էներգաարտադրող համակարգի 80 տոկոսը:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ «Ռուսաստանի միասնական էներգահամակարեր» (ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ») ընկերության նախագահ Անատոլի Չուբայսը ստորագրեցին «Էլեկտրաէներգետիկայի բնագավառում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցությունը խորացնելու մասին» համաձայանագիր:

Առանց լրագրողների մասնակցության

Մինչ լրագրողների հետ հանդիպումը «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Վերջինս հույս է հայտնել, որ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության հետ համագործակցությունը կօգնի բնագավառի զարգացմանը, տարածաշրջանում Հայաստանի էներգետիկ արտադրանքի իրացման շուկաների ընդլայնմանն ու փոխշահավետ ծրագրերի իրագործմանը:

Անատոլի Չուբայսն էլ, ողջունելով այս ոլորտում Իրանի հետ Հայաստանի հաջող համագործակցությունը, խոստացել է, որ հնարավորինս կնպաստի ամրապնդելու եւ զարգացնելու այդ գործակցությունը, քանի որ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության ծրագրերում եւս մեծ տեղ է տրվում էներգետիկ բնագավառում տարածաշրջանի երկրների ջանքերի համադրմանը, ԱՊՀ երկրների միասնական էներգետիկ համակարգի ձեւավորմանը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի կառավարության կողմից աջակցություն է հայտնել միասնական էներգետիկ համակարգի ձեւավորման գաղափարը կյանքի կոչելու հարցում:

Լրագրողների ներկայությամբ

«Հայաստանի ատոմակայանը առայժմ չի փակվի»,- համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարեց ՌԱՕ ԵԷՍ-ի նախագահը:

Ըստ Անատոլի Չուբայսի, այս դեպքում գիտատեխնիկական հեղափոխություն անելու, տեխնիկապես հիմնովին վերազինելու կարիք չկա, այլ. «Լուրջ խնդիրներ ավելի շատ կան ներքին ֆիանսական ոլորտում, օրինակ վառելիքի ներկրման հետ կապված, որի պատճառով էլ նախորդ ձմեռ կանգնեցվել էր ատոմակայանը: Մենք տեսանք, թե ինչ դժվար իրավիճակում հայտնվեց Հայաստանի էներգոհամակարգը»:
( Հիշեցնենք, որՀաաստանի ատոմակայանը լիազորագրային կառավարման է հանձնվել ՌԱՕ ԵԷՍ-ին ):

Պարոն Չուբայսը նշեց, որ ինքը տեղյակ է անվտանգության հետ կապված ինչ աշխատանքներ են կատարվում ատոմակայանում, եւ այդ աշխատանքները շարունակվելու են:

ՌԱՕ ԵԷՍ-ի Հայաստան գալով` մեր երկրում սակագնային փոփոխություններ չեն լինի: «Սակագնային քաղաքականությունը Հայաստանում որոշում է ՀՀ Կառավարությունը.այդ առումով ոչինչ չի փոխվելու», - նշեց Անատոլի Չուբայսը:

Իհարկե, նա էլ գիտի, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը երկու անգամ բարձր է, քան Ռուսաստանում, բայց, ըստ նրա, այդ սակագինը ավելի ցածր է , քան Վրաստանում: Բայց նա խոստացավ «դանդաղեցնել սակագների բարձրացումը»:

Այսօր չհրապարակվեց , թե ինչքան ներդրում է արվելու Հայաստանի էներգահամակարգում. այդ դեռեւս ճշտված չի: