Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍՈՒՄ ԵՆՔ ԹԻԿՆԱՊԱՀ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԿՈՒԿՈՒ

Հասարակություն

«Մեր իշխանավորներից շատերն ունեն թիկնապահներ, սակայն չգիտեն, որ միեւնույնն է անպաշտպան են: Այդ թիկնապահ կոչվածներից շատերը բացի հսկա արտաքինից, թիկնապահին համապատասխան ոչ մի այլ արժանիքներ չունեն», մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային թիկնապահների ասոցիացիայի» նախագահ Ռոբերտ Նազարյանը (Խնդրում ենք չշփոթել նախկին քաղաքապետի հետ):

Թիկնապահի համար ոչ այնքան համապատասխան արտաքինով (Մեր օրերում ասոցացված է, որ թիկնապահը պիտի լինի ամենաքիչը երկու մետր բոյով եւ նունքան լայնքով) պրն Նազարյանը, որը նաեւ Համաշխարհային թիկնապահների լիգայի կովկասյան ներկայացուցիչն է` հայտարարեց, որ այսօր Հայաստանում թիկնապահ հասկացությունը նորմալ հիմքերի վրա չի դրված:

Ասոցիացիան մտահոգված է իրենց թիկնապահ համարողների պահվածքից, մտածելակերպից եւ էթիկայի բացակայությունից: Դրա վառ ապացույցներից մեկն էլ Առագաստ սրճարանի հայտնի դեպքն է, երբ թիկնապահը իրավունք չունենալով հանդերձ, իրեն իրավունք է վերապահել ծեծել մարդուն` մահու աստիճան:

Ըստ կազմակերպության նախագահի, ասոցիացիան դեպքի վերաբերյալ հատուկ հայտարարություն չի արել այն պատճառով, որ դեռ որպես կազմակերպություն գրանցված չի եղել: 1999թ.-ին է հիմնադրվել, սակայն գրանցվել է 2003թ.-ին:

Թեւ ներքին գործերը, նախագահը եւ կառավարությունը ունեն իրենց սեփական թիկնապահական դպրոցները, սակայն նրանց հետ ասոցիացիան կապեր չունի:
«Նախագահի անվտանգությունը ընդհանրապես պետք չէ կապել մեզ հետ, որովհետեւ դա մի կառույց է, որն անմիջապես ապահովում է նախագահի անվտանգությունը», ասում են նրանք:

Ազգային թիկնապահների ասոցիացիան, որպես այդպիսին միակն է Հայաստանում: Մեկ շաբաթ առաջ Մոլդավիայում ավարտվեց համաշխարհային թիկնապահների լիգայի մրցումները, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Ազգային թիկնապահների ասոցիացիան, սակայն ֆինանսներ չլինելու պատճառով չի մասնակցել այդ միջոցառմանը:

Սակայն Ռոբերտ Նազարյանին, Համաշխարհային թիկնապահների ասոցիացիայի նախագահը տեղեկացրել է, որ հաջորդ միջոցառումը, որը տեղի կունենա 2004 թվականին, կանցկացվի Հայաստանում:

Հայաստանում մասնավոր պաշտպանական ոլորտը զարգացնող այս կազմակերպությունում սովորում են մոտ երեսուն թիկնապահացուներ, որոնք, ի դեպ, մասնագիտանալու վեց ամիսների համար վճարում են 250 դոլար: Երիտասարդները, որոնք 21 տարեկան եւ բարձր տարիք ունեն մասնագիտանում են հիմնականում վեց ձեւերում: