Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՄԱԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Հասարակություն

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն այսօր դատարանում հայտարարեց, որ այլեւս Ռոբերտ Քոչարյանի մասին այնպես չի մտածում, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ից առաջ: Քոչարյանի մասին իր կարծիքը ամբաստանյալը ներկայացրեց նամակով, որը հրապարակվեց դատարանում:

«Մեղադրանք առաջադրելիս նկատի ունեցեք, որ եթե մեղադրանքի ծավալը չբխի գործից եւ նախկինի պես ակնհայտ կեղծվի, ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել: Իմ առջեւ քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեզանից եւ անշուշտ համարժեք: Հիշեք ժողովրդական խոսքը՝ ինչ-որ ցանես, այն էլ կհնձես»,- ՀՀ նախագահին գրել էր Նաիրի Հունանյանը:

Նամակում ամբաստանյալը նաեւ կարծիք էր հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հիմնված է երկու հիմնական բաղկացուցիչների վրա. «Մի կողմից, դուք ժողովրդի առջեւ, իմ կարծիքով, եղել եք իմ եւ մյուսների երաշխավորը: Մյուս կողմից ունեցել եք իմ աջակցությունը ու պաշտպանությունը. դուք քաղաքական ուժերին ուղղակի եւ անուղղակի ապռնացել եք ինձ ազատություն տալով, ստիպել եք համակերպվել եւ հանդուրժել ձեր իշխանությունը»:

Նաիրի Հունանյանը սպառնում է, որ «ինքը կարող է խորտակել այս երկու հիմքերը եւ Ռոբերտ Քոչարյանը կմնա փլատակների տակ»:

Նաիրի Հունանյանը կարծում է, որ «հոկտեմբեր ամսվա մեջ տեղի ունեցած բեկումը արդեն ցույց է տվել, թե իրականում,որքան արագ կարող է փոխվել իրավիճակը», եւ հենց ինքը խորհրդարանին ներկայացնի նյութեր, ամբողջ ժողովուրդը ոտքի կելնի, եւ ԱԺ-ը որոշում կընդունի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության վերաբերյալ:

Հունանյանն իր նամակում ավելացրել էր, որ «կարծում է, որ Քոչարյանն իր ընդունակությունների վրա չի կասկածում», մանավանդ որ «մթնոլորտը ավելի քան նպաստավոր է» եւ արդեն կարողացել է «տուժողներին եւ իրենց ներկայացուչներին դեպի իրեն բերել եւ մի բանակ կազմել, մնում է միայն մեղադրողները միանան այդ բանակին»: