Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ

Հասարակություն

Այսօր քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Բորիս Քոչարյանի հրավիրած ասուլիսի ժամանակ խոսվեց Երեւան քաղաքի փողոցների, մայթերի հարակից գոտիների կառուցման, կարգավորման հիմնական դրույթների մասին:

Վարչության պետի հավաստմամբ՝ արդեն ավարտվել են քաղաքապետարանի թույլտվությամբ՝ կանաչ գոտիներում սկսված բոլոր շինությունների կառուցապատումները: Պարոն Քոչարյանի ասելով, կանաչապատման քաղաքաշինական մոտեցումներում որպես ցուցանիշ հիմք է ընդունվել մայթերի լայնությունը: Մինչեւ 2մ 5սմ լայնությամբ մայթերում որեւէ աստիճանի տեղադրումն արգելվում է:

«Բացօթյա սրճարանները, որոնք կառուցման թույլտվություն ունեն, կգործեն, իսկ ապօրինիները՝ կքանդվեն: Սահմանափակվելու է կապիտալ շինությունները, կլինեն շենքերի ճակատների շաբաթական ձեւավորումներ», - նշեց Բորիս Քոչարյանը եւ հավելեց.«Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ մայթերի լուսավորությանը»:

Ապօրինի շինությունների վերաբերյալ, կառավարության 2001թ.-ի մայիսի 15-ի որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանը՝ կադաստրի կոմիտեի նախագահի հետ համատեղ պետք է պայքարեին ապօրինի հողազավթումների եւ շինությունների դեմ: Կադաստրի կոմիտեի տվյալներով այսօր Երեւանում 8000 ապօրինի շինություններ կա:

«Ինքնակամ շինարարությունների դեմ բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկում՝ քանդվում են շինություննեհո: Հսկիչների քանակն ավելացել են, թաղապետարանի հետ համատեղ տարվում են բազմաթիվ աշխատանքներ»,- ներկաներին փորձեց հագստացնել քաղաքապետարանի համապատասխան վարչության պետը: