Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԵԼԵՊԼԱՍԸ ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

Հասարակություն

Երեք ամիս շարունակ դատարաններում ընթանում է քաղաքացիների հայցը` ըննդեմ Թելեպլասի եւ ԱրմենՏելի: Այսօր Հասարակության հետ կապերի Հայաստանյան Ասոցացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը եւ իրավաբան Դավիթ Սանդուխչյանը, որը զբաղվել է այդ դատերով, հանդիպեցին լրագրողների հետ:

«Մենք բոլոր քաղաքացիներին,ովքեր տուժել են այդ գովազդից առաջարկում էինք դիմել դատարան, մենք կարողացանք ապացուցել, որ գովազդն անբարեխիղճ է, գրգռել է անչափահասների դյուրահավատությունը եւ հայցվորին պատճառել է վնաս»,- ասում է Արման Սաղաթելյանը:

Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը ասաց, որ Թելեպլասը եւ ԱրմենՏելը հրաժարվեցին ներկայացնել իրենց միջեւ կնքված պայմանագիրը` այն համարելով գաղտնիք:

«Այս ծառայությունները մատուցվում են ոչ թե կանխիկ գումարով, այլ ապառիկ, եւ երեխան չգիտի, թե դրանից օգտվելը ինչ վնասներ է բերելու ծնողներին, եւ ծառայություններից օգտվելու գումարը ներկայացված է ոչ թե դրամով, այլ դոլլարով,ինչը նույնպես անհասկանալի է անչափահասների համար»,- ասում է Դավիթ Սանդուխչյանը:

Դատարանը բավարարել է քաղաքացի Քրիստինե Տերյանի հայցը, որի հեռախոսային պարտքը ծառայություններից օգտվելուց հետո կազմել էր 100.000 դրամ: Դատարանը գովազդը ճանաչել է անբարեխիղճ եւ նրան ազատել մուծումներ կատարելուց:

Ըստ Արման Սաղաթելյանի` իրենց ոչ վերջին տվյալներով դատարանում 20 հայց կա` ընդդեմ ԱրմենՏելի եւ Թելեպլասի:

Նա նաեւ համոզված է, որ այս դատավարությունները ավելի արագ կընթանան եւ անպայման վճիռ կկայացվի հօգուտ հայցվորի: