Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԷԼ Է ՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԸ

Հասարակություն

«Ղարաբաղյան խնդրով բանակցություններից դուրս են մնացել եւ չեն հիշատակվում ադրբեջանական իշխանությունների քաղաքականության հետեւանքով դեռ նախքան հակամարտությունը իրենց բնօրրաններից տեղահանված, ինչպես նաեւ հակամարտության արդյունքում բռնի տեղահանված հայերի իրավունքները», - այսօր հայտարարեցին մոտ երկու տասնյակ հասարակակական կազմակերպությունների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչները:

Ըստ նրանց, Ադրբեջանը, որպես պատերազմ սկսած կողմ պարտավոր է փոխհատուցել «պատերազմական գործողությունների հետեւանքով բոլոր քաղաքացիների՝անկախ ազգային պատկանելիությունից, կրած վնասը»:

ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում հրավիրված կլոր սեղանի մասնակիցները ընդունեցին հայտարարություն, որով ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին կոչ է արվում բանակցություններում հետեւողականորեն բարձրացնել բռնագաղթվածների իրավունքների հարցը: Առաջարկվում է նաեւ «հայ-արբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգում ընդգրկել Նախիջեւանի հարցը»:

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքերով, Ադրբեջանը իրեն հռչակում է «ծովից ծով մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը», մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում այդ վտանգը: 1919թ. տպագրված քարտեզի համաձայն, ծովից ծով Ադրբեջանում Հայաստանը Սեւանա լճի տարածքին համարժեք տարածք է:

«Հայաստանը շարունակում է պարտվել գաղափարական պատերազմում»,- ընդգծեց ներկաներից մեկը: Պաշտոնական Բաքուն տեղի-անտեղի շահագործում է 150000 ադրբեջանցի փախստականների գործոնը: Իսկ Հայաստանում չկա պաշտոնական տվյալ, թե քանի հայ Է զոհվել Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի ժամանակ:

Լարիսա Ալավերդյանը նաեւ հայտարարեց, որ հայ օդերեւութաբաններն այսօր «պրոադրբեջանական քարոզչություն են անում»: Օդերեւութաբանական հայկական քարտեզներում ազատագրված տարածքները ներկայացվում են Ադբեջանի տարածքի մաս, ինչն էլ հաջողությամբ օգտագործում են ադրբեջանցիները: