Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՇԽԱՏԵՆ ԱՌԱՆՁԻՆ

Հասարակություն

ՀՌԱՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Այսօր նիստ հրավիրեց ՄԱԱ-ի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական խորհուրդը, որը պետք է ուսումնասիրի ՀՌԱՀ-ի հայտարարած հուլիսյան մրցույթի մասնակից ընկերությունների մրցութային առաջարկները:

Խորհրդի կազմում 9 հոգի են` ԱԺ 6 խմբակցությունների փորձագետներ, ինչպես նաեւ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ: Հասարակական խորհուրդը կուսումնասիրի նախ հուլիսի 18-ին կայացած մրցույթի փաթեթները:

Հիշեցնենք, որ այդ մրցույթում «Ա1+»-ից գերադասելի համարվեցին «Երեւան», «Արմենակոբ», «TV 5» հեռուստաընկերությունները, իսկ «Նոյան տապան» հեռուստաընկերությունից` «CNN»-ը` «Էվ» ընկերությունը:

ՄԱԱ -ի փորձագետ Նարինե Դիլբարյանն ու ՄԱԱ անդամ Վարդան Վարդանյանը այսօր փորձագետներին հանձնեցին վերհիշյալ ընկերությունների մրցութային առաջարկների պատճենները: Հասարակական խորհրդի որոշումը իրավական ուժ չի ունենա, սակայն խնդիրը կստանա հասարակական հնչեղություն:

«Ազգային Միաբանության» փորձագետ Աղասի Արշակյանը, տեսնելով 5 հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների փաթեթի ծավալը` զայրացավ ու ասաց. «Ինչ է, չգիտե՞ք, թե ինչու է փակվել «Ա1+» հեռուստաընկերությունը: Այսքան թուղթ կարդալը ինչ-որ մեկին ինչ-որ բան տալո՞ւ է»:

Այնուամենայնիվ, փաթեթները տարավ: Փորձագետ Գրիշա Հովհաննիսյանը` Հայաստանի Փաստաբանների միության անդամ, պահանջեց «Ա1+»-ին մերժելու հիմքերը եւ շատ զարմացավ, որ նման բան չկա.

«Գոյություն ունի միայն ՀՌԱՀ որոշումը, իսկ որոշման հիմնավորումներները հանձնաժողովը չի տալիս հեռուստաընկերությանը, չնայած օրենքի պահանջին եւ հեռուստաընկերության բազմաթիվ դիմումներին»,- տեղեկացրեց ՄԱԱ անդամ Վարդան Վարդանյանը:

Նոյեմբերի 15-ին հասարակական խորհուրդը նորից կհավաքվի եւ կկատարի քվեարկություն` 5 բալ համակարգով: Հանձնաժողովի անդամներն աշխատելու են առանձին-առանձին:

Համատեղ, միասնական աշխատանքի բացառումը, ըստ Նարինե Դիլբարյանի, նպատակ ունի ապահովել մաքսիմալ օբյեկտիվություն: