Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ԱՌԱՎՈՏԻ»

Հասարակություն

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց Հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանի հայցը ընդդեմ «Առավոտ» թերթի լրագրող Սաթիկ Սեյրանյանի: Ըստ հայցվորի, թերթի 165 եւ 166 համարներում տպագրվել են հոդվածներ, որոնք իրենց մեջ պարունակում են կեղծ տվյալներ, վիրավորանքներ եւ զրպարտանք Հանրագիտարանի եւ անձամբ տնօրենի հասցեին:

«Առավոտի» խմբագրությունը ստացել է այդ հոդվածներին ի պատասխան Հովհաննես Այվազյանի նամակը, որը տպագրվել է թերթի 169 համարում:

Դատարանում հայցվորը պահանջեց, որ «Առավոտի» թղթակիցը իրենից ներողություն խնդրի, ինչին պատասխանողի պաշտպան Գեւորգ Մինասյանը արձագանքեց, որ հասկանալի չէ, թե ինչ իրավական ակտով է ղեկավարվում հայցվորը, պահանջելով իրենից ներողություն խնդրել, քանի որ թերթը արդեն տպագրել է նրա նամակը:

Սակայն հայցվորը դրանով չի բավարարվել: Ըստ նրա, Սաթիկ Սեյրանյանը, նամակը տպագրելով, այնուհետ գրել էր, որ ունի այլ փաստեր, որոնք եւ կներկայացնի հանրությանը, եւ, դուրս գալով իր հայցի շրջանակներից, պահանջեց, որ «Առավոտի» թղթակիցը նոր հոդված տպագրի, հերքելով նախորդ հոդվածնելում շարադրած փաստերը:

Դատավոր Պարգեւ Օհանյանը վերադարձրեց Հանրագիտարանի տնօրենին իր հայցը, ավելացնելով, որ նա կարող է բողոքարկել դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում: