Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՆ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մշակույթ

«Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»: Այս հանրահայտ ասույթը Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վեպից է: Հավանաբար տարօրինակ չէ, որ քաղաքական գործիչներն այս վեպում ներկայացված են անասունների կերպարով, համենայնդեպս հայ հանդիսատեսին, հատկապես միջին եւ ավագ սերնդի հարկ չկա ներկայացնել «Անասնաֆերման», նրանք իսկույն կճանաչեն եւ անասնաֆերման եւ... անասուններին:

Իսկ առավել երիտասարդ սերունդն այսօր հավանաբար ինքը համոզվեց, թե ներկայիս կյանքում ինչ է իրենից ներկայացնում «Անասնաֆերման» եւ հուսով ենք համեմատություններ կատարեց, ավելի ճիշտ տեղայնացրեց հայտնի անգլիացու գործը, որն ի դեպ այսօր Երեւանի Հովհանես Թումանյանի տիկնիկային թատրոնի բեմում փայլուն կատարեց անգլիացի հանրահայտ դերասան Գայ Մաստերսոնը:

Օգտագործելով միայն մի խտիտ խոտ, փայտե տուփ եւ ձայնային - լուսային էֆեկտների օգնությամբ, Մաստերսոնը, Ջորջ Օրվելի համանուն վեպի սեփական մշակումը ներկայացրեց պարզ, հզոր եւ ճշմարիտ կերպով:

Հայֆեստի շրջանակներում երկու օրով Երեւանում գտնվող արտիստը նախքան ներկայացում տալը պատասխանեց լրագրողների հարցերին: Մամլո ասուլիսը կազմակերպել էր Բրիտանիայի խորհուրդը:

«Թեեւ գիշերն եմ Երեւան ժամանել, սակայն նկատել եմ, որ Երեւանը բավական գեղեցիկ, սպիտակ փողոցներով քաղաք է»,- Երեւանի մասին Մաստերսոնի տպավորություններն այսպիսին են: Թեւ նա նկատել է որ խորհրդային բավական շատ տիպիկ շենքեր կան քաղաքում, բայց դա նրա համար նույնիսկ հետաքրքիր է:

Անդրադառնալով Հայֆեստ թատերական փառատոնին, Գայ Մաստերսոնը պատիվ համարեց իր մասնակցությունը, տեղեկացնելով, որ Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վեպը ինքը առաջին անգամ ներկայացրել է 1995 թվականին Էդինբուրգի Տրավերս թատրոնում եւ հետագայում էլ խաղացել է Էդինբուրգում անցկացված այլ փառատոններում:

1997 թ. Գայ Մաստերսոնը «Անասնաֆերմա» ներկայացմամբ հանդես է եկել Լոնդոնի West End-ում: