Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այլանդակ վերաբերմունք են ցուցաբերում»

Հասարակություն

Երեւանցի Կոստանտին Մանուկյանին ձերբակալելուց երկու օր հետո հարազատները հայտնաբերել են Նորք-Մարաշի ոստիկանության բաժանմունքում, երբ նրան արդեն հարցաքննությունից հետ էին տանում կալանավայր: Մանուկյանը տաքսու վարորդ է: Կնոջ` Հասմիկ Հարությունյանի ասելով` հաճախորդներից մեկի մոտ թմրանյութ են գտել, նրան էլ ձերբակալել են թմրանյութը վաճառելու կասկածանքով. «Կալանավայրում չեն թողնում տեսակցության, ամուսնուս այնպես են ծեծել, որ երեք օր արյուն է միզել: Որ վերևներում մարդ չունեմ, ուրեմն ամուսինս պետք է անտեր մնա, իսկ հիմա հոգեբուժարանում է գտնվում. սպառնում էր վերացնել իրեն»:

Մանուկյանն արդեն երկու ամիս է` մեկուսարանում է, կնոջ հավաստմամբ` երկու ամիս էլ նախնական կալանքը ավելացրել են:

2009-2010թթ. Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակն արձանագրել է ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունների, հոգեբանական ճնշումների և սպառնալիքների ավելի քան 15 դեպք։

«Չկա ոստիկանության մի բաժանմունք, որ նորմալ լինի: Էս այլանդակությունները չեն կարող էլ այպես շարունակվել, և այս առումով աշխարհագրությունը լայն է:Հանրապետության բոլոր մարզերի ոստիկանություններում համատարած բռնություն է` Աշտարակում ծեծում են, Էջմիածնում ծեծում են, Վանաձորում ծեծում են, իսկ Շենգավիթում պարբերաբար են ծեծում»,-ասում է Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա բողոքին այսօր միացան տարբեր մեղադրանքներով անազատության մեջ գտնվող Գարեգին Բոզոյանի կինը, Իշխան Սերոբյանի և Ռոբերտ Գրիգորյանի մայրերը:

23-ամյա Իշխան Սերոբյանին գողության կասկածանքով ձերբակալել են 9-ը ամիս առաջ. «Էնքան են ծեծել էրեխուս, որ ուզում էր իրեն պատուհանից գցել: Կողքի սենյակից լսում էի` էրեխուս ինչ խոսքեր ու հայհոյանքներ էին ասում: Թույլ չեն տալիս տեսնել, մարդասպան հո չի: Իր արածի համար թող դատապարտեն, ոչ թե ինը ամիս պահեն առանց դատի»,-պատմում է Իշխանի մայրը` Սաթենիկ Սերոբյանը:

Կրկին գողության համար ձերբակալված Գարեգին Բոզոյանի կինը` Անահիտ Գիլովյանը ևս անհանգստացած է, որ 1 տարի ամուսնուն ձերբակալել են ու դատավարություն չեն իրականացնում: 4 անչափահաս երեխայի մայրը հուսահատ վիճակում է. «Ամուսնուս վրա արդեն վեց գործ են սարքել, գնալով մեղադրանքներն ավելացնում են»: