Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ «ԾՐԱԳՐԱՅԻՆ» ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տկն. Դոննա Դոուսեթ-Քոիրոլոյին եւ նրան ուղեկցող ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Անդրադառնալով ՀԲ-ի հետ Հայաստանի կառավարության համագործակցությանը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ մեր երկիրն այսուհետ եւս կունենա միջազգային ֆինանսական այդ կազմակերպության աջակցությունը, հատկապես այնպիսի կարեւորագույն ծրագրերի իրագործման հարցում, ինչպիսին վերջերս կառավարության հաստատած աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրն է, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաեւ առաջիկայում հաստատվելիք կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, որոնց մշակման գործընթացին ՀԲ-ը մեծապես աջակցել է:

ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ 2003թ. նոյեմբերին բանկի տնօրենների խորհրդին ներկայացվելու է աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, որն իր համոզմամբ, բավականին լավ մշակված, իրատեսական ծրագիր է եւ ամենայն հավանականությամբ, կարժանանա բանկի ղեկավար մարմնի հավանությանը:

Նա տեղեկացրել է, որ ՀԲ-ը նախատեսում է 3-ամյա ծրագրերից անցնել 4-ամյա ծրագրերի իրագործմանը եւ քննարկում է մինչ այժմ իրականացրած «ներդրումային» կոչված վարկային ծրագրերից «ծրագրային» վարկավորմանն անցնելու նպատակահարմարությունը: Այս առումով, ըստ ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենի, Հայաստանն իր կատարողականով շատ լավ թեկնածու է վարկավորման նոր մոտեցումից օգտվելու համար: