Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ, ՎԱՃԱՌՔ ԵՒ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Տնտեսություն

Այսօր կայացավ կառավարության հերթական նիստը: Տարբեր նախարարությունների նեկայացրած ծրագրերի եւ հաշվետվությունների թվում գործադիրը ի գիտություն ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ պետական գույքի մասնավորեցման գործընթացի մասին 2003 թվականի երկրորդ եռամսյանկի հաշվետվությունը:

Վարչության պետ Դավիթ Վարդանյանը ճեպազրուցի ժամանակ նշեց, որ 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մասնավորեցվել է 1789 միջին եւ խոշոր ընկերություն, 7178 փոքր օբյեկտ: Ինչ վերաբերում է մասնավորեցման հաշվետու ժամանակաշրջանին, մասնավորեցվել է 33 ընկերություն, որոնցից հինգը՝ մրցույթով: Իսկ 28 ընկերություններ ուղղակի վաճառքի ձեւով են մասնավորեցվել:

Պրն. Վարդանյանը հավաստիացրեց, որ շատ հաճախ մասնավորեցման միակ ձեւը վաճառքն է լինում, իսկ վաճառվում է այն ընկերությունների գույքը, որոնք երկու- երեք անգամ դրվել են մրցույթի եւ չեն վաճառվել: Գնորդների զգալի մեծամասնությունը կոլեկտիվներն են:

Երկրորդ եռամսյակում իրականացված մասնավորեցումից բյուջե է մուտքագրվել 1.1 մլրդ դրամ: Երկրորդ եռամսյակի հաշվետու ժամանակահատվածում լուծարվել է երկու, լուծարման գործընթացում է 72 ընկերություն:

Արդեն ընդունվել է 16 ընկերության լուծարման վերաբերյալ կառավարության որոշում, սնանկ է ճանաչվել 8 ընկերություն, իսկ 10 ընկերության սնանկացման վերաբերյալ կայացվել է դատարանի վճիռ: