Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԱՆԴՆԵՐԻ ՉԱՓԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Տնտեսություն

Ավանդների վերադարձման հարցն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման գործում միակ հույս ներշնչող փաստն այն է, որ Աժ պատգամավորները միահամուռ համոզված են. «չի կարելի այս նուրբ հարցում ժողովրդին հուսախաբ անել»: Այս վերաբերմունքը հատկապես ձեւավորվում է այն գիտակցությունից, որ խաբված ավանդատուների թիվը ներառում է հասարակության զգալի մի հատված:

Աժ մշտական հանձնաժողովի ստեղծման բարի ձգտումներում, սակայն, նկատվում են կասկածելի դրսեւորումներ: ՀՀ-ում չվճարված ավանդների ընդհանուր չափի մասին խորհրդարանում տարբեր խոսակցություններ են ծավալվում:

Օրինակ՝ ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանի միջոցով շրջանառության մեջ դրվեց այն տեսակետը, որ չվճարված ավանդները կազմում են 1,5 մլրդ. ռուբլի, ՀՀԿ խմակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ խոսում է 10,5 մլրդ. ռուբլու մասին:

Նշվող թվերի ակնհայտ չհամընկնումը բացատրվում է նրանով, որ գոյություն ունեն մոտավորապես 17 տեսակի ավանդներ, որոնց ամփոփ թիվը բերվել է երկրորդ օրինակի ժամանակ:

Այնուամենայնիվ, վտանգավոր նախադեպ՝ թվերի չհամընկնման առումով, Հայաստանում վերջին շրջանում արդեն եղել է: Համեմատության կարգով հիշեցնենք կրթական համակարգի օպտիմալացման համար անհրաժեշտ՝ աշխատանքից ազատման ենթակա 20 000 ուսուցիչների թիվը, որը պարզվում է այդքան էլ ճիշտ հաշվարկ չի եղել եւ այժմ աշխատանքից ազատվել է ընդամենը 5 000-ը:

Այսպիսով, չվճարված ավանդների տարբեր թվեր նշելը միգուցե հետապնդում է նաեւ այլ նպատակ: Օրինակ, եթե ուսուցիչների «օպտիմալացման» հարցում մեծ աղմուկ չառաջանար, ապա շատ հավանական է, որ այսօր խոսեինք աշխատանքից ազատված 20 000 ուսուցիչների մասին: Նույն իրավիճակը կարող է ստեղծվել նաեւ չվճարված ավանդների ընդհանուր չափի առումով: 1,5 մլրդ կամ 10,5 մլրդ. թվերը, միգուցե, պարզապես «զոնդաժ» են՝ հասարակության վերաբերմունքը ճշտելու նպատակով:

Ի վերջո, եթե ամեն ինչ հանգիստ անցնի պետությունը կստանձնի ավելի նվազ չափով պարտք եւ ՀՀ տարբեր տարիների բյուջեների գործն էլ կթեթեւանա:

Ի դեպ, ԱԺ-ում ստեղծվելիք ավանդների վերադարձման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը իր աշխատանքների եզրակացությունը պետք է ներկայացնի մինչեւ ապրիլի 1-ը: Հանձնաժողովի անդամների համար արդեն մտահոգվելու մեծ առիթ տրվեց: Որպեսզի եզրակացությունը չընկալվի իբրեւ ապրիլ 1-յան կատակ հանձնաժողովի անդամներն ամեն ինչ պետք է անեն, որ կայացված որոշումը գոնե հրապարակվի մարտի 31-ին: