Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնագետը գտածոն տեսել էր երազում (տեսանյութ)

Հասարակություն

2 տարի առաջ գտած հնագույն կոշիկի մասին հայ հնագետները հայտարարեցին միայն երկու ամիս առաջ, երբ պաշտոնապես ստացվեցին հետազոտության արդյունքները:

«Քանի որ պեղումների մի մասի ֆինանսավորումը «National Geographic»»-ի կողմից է` կար պայման, որ կարեւոր հայտնագործությունների մասին աշխարհում հայտարարեն իրենք, բայց, մենք առաջինը տեղյակ պահեցինք հայ հանրությանը» ,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Իսկ աշխարհի ամենահին կոշիկը գտել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, hնագետ Դիանա Զարդարյանը 2008 թվականի սեպտեմբերի 16-ին: Հիշում է, որ այդ օրը Արենիի քարանձավ մտավ տարօրինակ կանխազգացումով: Հետո նա դարձավ առաջին մարդը, ով ձեռքն է վերցրել աշխարհի ամենահին ոտնամանը:

Սակայն` ամեն ինչ հերթով:

Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Արենի-1 կամ «Թռչունների քարայր» կոչվող քարանձավում հնագիտական պեղումները սկսվել են 2007 թվականի ամռանը: Այստեղ համատեղ աշխատում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ամերիկյան եւ իռլանդական հնագետներից բաղկացած արշավախմբերը:

Այս երեք տարիների ընթացքում հնագետները քարանձավի` ներս տանող լանջում, մուտքի մոտ եւ հենց ներսում պեղել-գտել են պղնձեքարեդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, մ.թ.ա. 4200-3500 թթ. բազմաթիվ գտածոներ` չորացված մրգեր, բուսական մնացորդներ, տեքստիլ, ամանեղեն, գինու կարասներ: Այս ամենը, շնորհիվ քարանձավի միկրոկլիմայի, եղել են հիանալի վիճակում:

Հենց պեղումների սկզբում պարզ էր, որ գործ ունեն շատ հազվադեպ հուշարձանի հետ: Սեպտեմբերի 16-ին հնագետների ղեկավարած 5 հոգանոց խումբը սովորականի պես մաքրում էր քարանձավի մուտքի կավե հատակը: Այս հատվածը նրանք պայմանականորեն կոչում են բնակելի մաս:

«Երբ այդ առավոտ մտա քարանձավ մի տեսակ ներքին զգացողություն կար, որ ինչ-որ բան է լինելու: Հիշում եմ, որ այդ գիշեր նաեւ երազ էի տեսել, որը ցավոք չեմ հիշում, սակայն արթնացել էի մի տարօրինակ կանխազգացումով»,-«Ա1+»-ի հետ զրույցում հիշեց Դիանա Զարդարյանը :

Հնագետները հատակում նախ հայտնաբերում են մեծ քանակությամբ եղեգն, հետո մոտ 45 սմ շառավղով հմտորեն մշակված փոս, որը ներսից պատված էր բարձրորակ դեղին կավով: Դրանում խաչաձեւ դրված են լինում այծի կոտոշներ, մոտ 50 սմ շառավղով 1/3-ի չափով կոտրված գլխիվայր դրված մի մեծ նարնջագույն աման:
«Դրա տակ էլ հենց դրված էր այս ոտնամանը: Առաջին րոպեներին չէի կարողանում մի բառ ասել: Շոկի մեջ էի, քանի որ այդ պահին իրականանում էր իմ երազանքը»,-հուզված հիշեց երիտասարդ հնագետը:

Հայտնաբերված կոշիկը օվալաձեւ է, կարված կովի կաշվի ամբողջական կտորից: Հետեւի եւ առջեւի մասերում այն հատուկ քուղերով կապվել է ոտքին:
Ըստ գիտնականների, այն կարվել է հենց ոտքին: Դրա երկարությունը 24.5 սմ է եւ համապատասխանում է ներկայիս 37 համարին: Ներսից կոշիկը պատված է խոտով, ըստ երեւույթին` ձեւը չկորցնելու համար:

Հնագետները կոշիկի քուղեր նմուշները անմիջապես ուղարկել են Կալիֆոռնիայի եւ Օքսֆորդի 2 տարբեր համալսարաններ` հետազոտության: Մեկ տարի հետո ստացվել են ռադիոածխածնային անալիզի սենսացիոն արդյունքները. հայ հնագետների հայտնաբերված կոշիկը 5637-5387 տարեկան է, ավելի հին քան եգիպտական բուրգերը:

«Շատ ենք հպարտանում, որ այն հայտնաբերվեց հենց Հայաստանում, հիմա դրա նմուշները պետք է ուղարկենք ԴՆԹ հետազոտության»,-ասաց Դիանա Զարդարյանը:

Ի դեպ,  Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ ներկայումս իրենց շատ գտածոներ հետազոտման գործընթացում են եւ չի բացառվում, որ առաջիկայում ավելի սենսացիոն հայտարարություններ լինեն: