Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ. ԵՐԵՒԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Տնտեսություն

Երեւանի նորանշանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանը այսօր մամլո ասուլիս էր հրավիրել ներկայացնելու իր պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում կատարած աշխատանքները։

Սեփական պրիզմայով անցկացնելով Երեւանի բազմաբնույթ տնտեսությունում առկա խնդիրները, պ-ն Զախարյանը, սակայն, ոչինչով չտարբերվելով իր նախորդներից, ուղղակի կրկնեց, որ Երեւանում կան չլուծված բազմաթիվ հարցեր, օրինակ՝ բնակելի ֆոնդերի պահպանման խմդիրը, ձմեռային նախապատրաստման հետ կապված աշխատանքները, քաղաքաշինության բնագավառում առկա օրինախախտումները, փողոցային առեւտուրը, ստորգետնյա անցումները, կանաչ տարածքներում կառուցվող ապօրինի շինությունները եւ այլն եւ այլն։

Երվանդ Զախարյանը հավաստիացրեց, որ վերոնշյալ բոլոր խնդիրների վերաբերյալ քաղաքապետարանը նոր մոտեցումներ է մշակում։ Մասնավորապես, կանաչ տարաքծներում կառուցվող կապիտալ շինությունների վերաբերյալ։

Ըստ քաղաքապետի, առայժմ բոլոր տեսակի շինությունները ժամանակավոր դադարեցված են եւ կվերսկսվեն իր համապատասխան որոշումից հետո։ Պ-ն Զախարյանի խոսքերով, կանաչ տարածքներում առեւտրի եւ ժամանցի շինությունները «կառուցվելու են միայն շատ թեթեւ կոնստրուկցիաներով»։

Քաղաքապետը անդրադարձավ նաեւ ջեռուցման խնդիրներին։ Նրա խոսքերով, ձմռանը ջեռուցման համակարգում սպասվում են «հետաքրքիր նորամուծություններ»։ Կգործի անհատական ջեռուցման համակարգ. կջեռուցվի ոչ թե մի ամբողջ շենք, այլ միայն այն քաղաքացիների բնակարանները, որոնք նախապես պայմանագիր կկնքեն եւ կմուծեն համապատասխան կանխավճար։