Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակը` անմիջական մասնակից/ մաս1-ին

Քաղաքականություն

«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող` լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանն հրապարակել են «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ Մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.


"Բանակի ներգրավումն ու մասնակցությունը
հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին" /մաս 1-ին

 ՀՀ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովն իր  եզրակացության մեջ լիովին անտեսել է մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության  հարցը։ Այն դեպքում, երբ հասարակական-քաղաքական քննարկումներում ու գնահատականներում բանակի ներգրավումն արտակարգ դրության ընթացքում լուրջ վեճերի, տարատեսակ, ծայրահեղ հակադիր մեկնաբանությունների տեղիք է տվել, ու մինչ օրս էլ այս խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև միջազգային մարմիններ ու ատյաններ տեղափոխվելու միտումներ են դրսևորում։

 Հարցը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ Փաստահավաք խումբը, լուծարումից հետո, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին քննարկվող խնդրին առնչվող հարուստ փաստական նյութ էր փոխանցել, ինչը ոչ միայն չի ուսումնասիրվել, չի լրացվել ու չի համադրվել ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ եղած այլ ապացույցների ու փաստերի հետ, այլև, կարծես միտումնավոր, անտեսվել ու լռության է մատնվել։

Քաղաքական գործընթացներում բանակի ներգրավման կարևորագույն խնդրին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անտարբեր ու անհասկանալի վերաբերմունքը գնահատելով որպես մարտի 1-2-ի իրադարձությունների իրական հանգամանքներն ու դրանցում պետական մարմինների և առանձին պաշտոնատար անձանց ունեցած դերն ու մասնակցությունը թաքցնելու, կոծկելու փորձ' նախկին Փաստահավաք խմբի անդամներս (Ա.Քոչարյան, Ս.Սաֆարյան), առաջնորդվելով 2009թ. Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» թիվ 1677 բանաձևի 8.1 կետով, անհրաժեշտ համարեցինք հանրությանը ներկայացնել հետընտրական իրադարձություններին բանակի մասնակցության վերաբերյալ մեր տրամադրության տակ ունեցած փաստերը, տվյալները, ՊՆ ղեկավարության հետ ունեցած գրագրության արդյունքները' դրանցից բխող նվազագույն եզրակացություններով։

Ա. Բանակի ու զինված ուժերի կիրառման, գործադրման սահմանադրական և օրենսդրական հիմնադրույթները

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հռչակում է. «Հանրապետության սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրությանը և օրենքներին»։

ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»։

ՀՀ սահմանադրության 8.2-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ Զինված ուժերը ապահովում են  ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն.

 

«ՀՀ նախագահը'

12) Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը։

13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»։

ՀՀ սահմանադրության 8.2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ Զինված ուժերը կոչված են ապահովելու բացառապես ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ հոդվածի համաձայն, զինված ուժերը, բացառությամբ վերը նշվածի, իրավասու չեն կամ նրանց ուղղակի արգելվում է մասնակցել ու միջամտել այլ խնդիրների լուծմանը (այդ  թվում' քաղաքական, սահմանադրական ու հասարակական կարգի պահպանության ու այլ խնդիրների)։

Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ ու սպառիչ սահմանում է այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը Սահմանադրության 8.2-րդ հոդվածով լիազորված է զինված ուժերի գործադրման որոշում ընդունելու։ Դրանք են.

 

ա) Հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ.

բ) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի դեպքում.

գ) պատերազմ հայտարարվելու դեպքում։

Ընդ որում, Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը այս բոլոր երեք դեպքերում զինված ուժերի գործադրման որոշում կայացնելու համար նախատեսում է մեկ լրացուցիչ պարտադիր նախապայման ևս' ռազմական դրության հայտարարումը։ Այսինքն, նույնիսկ ՀՀ Սահամանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի վերը թվարկված երեք դեպքերի առկայության պայմաններում ՀՀ նախագահը չի կարող զինված ուժերի գործադրման որոշում ընդունել, քանի դեռ չի հայտարարել ռազմական դրություն։

Անդրադառնանք իրավական ուժի տեսանկյունից ոլորտը կարգավորող երկրորդ իրավական ակտի' «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին։

Առ 01.03.08թ. դրությամբ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ այս օրենքով ևս հանրապետության զինված ուժերի առջև Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերից բխող պարտավորություններ կատարելու խնդիր է դրված (հոդված 9-րդ)։ ՀՀ զինված ուժերի առջև օրենքով այլ խնդիրներ դրված չեն։ Նույն օրենքի 4-րդ հոդվածը, որը սահմանում է պաշտպանության բնագավառում ՀՀ նախագահի լիազորությունները, մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ որևէ լրացուցիչ լիազորություն ՀՀ նախագահին չի վերապահում (ու չէր կարող վերապահել), բացառությամբ' Սահմանադրութան 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսվածի։

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի («Զինված ուժերի ղեկավարումը և կառավարումը») 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. «Զինված ուժերի ընդհանուր      ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունն' իր  լիազորությունների շրջանակներում։

Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը»։

Հետևություններ։ Սահմանադրական և օրենսդրական վկայակոչված դրույթների ուսումնասիրությունից ու վերլուծությունից միանշանակ հետևում է.

ա) ՀՀ նախագահի լիազորությունները զինված ուժերի օգտագործման, ղեկավարման ոլորտում սպառիչ թվարկված են Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետում։ ՀՀ Սահմանադրությունը, բացի 55-րդ հոդվածի 13-րդ կետից, չի պարունակում որևէ այլ նորմ կամ դրույթ, որը ՀՀ նախագահին ՀՀ Զինված ուժերի գործադրման կամ կիրառման լիազորություն է տալիս։

բ) Առ 01.03.08թ. դրությամբ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը լիովին համապատասխանում է խնդիրը կարգավորող ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին և ՀՀ նախագահի համար զինված ուժերի կիրառման (գործադրման) որևէ լրացուցիչ դրույթ կամ դեպք չի նախատեսում (ու չէր էլ կարող նախատեսել)։

Բ. Արտակարգ դրության ժամանակ

բանակի ներգրավման հակասահմանադրականությունը

2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքում 20 օր ժամկետով «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Հրամանագրի ընդունումը հիմնավորել-պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նկատառումներով։ Հրամանագիրը ստորագրելիս նախագահը ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով և 117-րդ հոդվածի 6-րդ կետով։ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ ամենի մասին ուղերձով դիմում է ժողովրդին։

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»։

ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում արտակարգ դրություն հայտարարել մինչ այդ օրենքի ընդունումը։

ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր ու կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում»։ Ի դեպ, «Արտակարգ դրության» իրավական ռեժիմը մինչ օրս օրենսդրությամբ սահմանված չէ, չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում-թելադրում է, որ  Արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է սահմանվի օրենքով։

Արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից անցել էր ավելի քան 5 տարի, նաև' մարտի 1-ի դեպքերից 2 տարի անց, իրավապահ և այլ  պետական մարմիններն այդ օրենքի ընդունման ուղղությամբ որևէ քայլ չեն կատարել։ Նույնիսկ քննարկման ներկայացված չէ «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի որևէ նախագիծ։

«Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենք ընդունելու անհրաժեշտության և հրատապության առաջարկ չկա նաև ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկություններում։

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.08թ. հրամանագրով արգելվել են ժողովների, հավաքների, ցույցերի, երթերի և այլ մասսայական միջոցառումների իրականացումը, զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեությունը, գործի են դրվել բազմաթիվ այլ սահմանափակումներ ու արգելքներ։

Նույն հրամանագրի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Որպեսզի ակնհայտ դառնա այն իրողությունը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելով' ներգրավվել են ՀՀ Զինված ուժերը, վկայակոչենք 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը։ «Զինված ուժերը ներառում են պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ռազմա-ուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը»։

Վկայակոչված օրենքի դրույթը լիովին բավարար է եզրակացնելու համար, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելը նույնական է զինված ուժերին վերապահմանը։ Իսկ «զինված ուժեր» ասվածը բանակն է։

Վերը վկայակոչված Սահմանադրական նորմերի համադրումից ու ուսումնասիրությունից միանշանակ հետևում է, որ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրում որպես ղեկավարման իրավական հիմք նշված ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը և 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին ՀՀ զինված ուժերի կիրառման կամ գործադրման լիազորությամբ չեն օժտում։

ՀՀ Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գործադրման որոշում կարող էր ընդունվել միմիայն հանրապետության վրա անմիջական հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության, կամ' պատերազմ հայտարարվելու դեպքում, այն  էլ' ռազմական դրություն հայտարարելու պարագայում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետ)։

Ակնհայտ է, որ «Արտակարգ դրություն» հայտարարելիս զինված ուժերի կիրառման, գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են։

Հետևաբար, նախագահ Ռ. Քոչարյանը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ (տես' «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի է, ը, թ, ժ, ժէ կետերը), բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների' առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը։

Չնայած Հրամանագրի ընդունումից հետո իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստի ընթացքում Հրամանագրին դեմ հանդես եկած մի շարք պատգամավորների, ներառյալ "Ժառանգություն" կուսակցության խմբակցության բոլոր պատգամավորների,   ԱԺ հատուկ նիստին ներկա պատգամավորների մեծամասնությունը և հարցը ներկայացնող Արդարադատության նախարարը «չեն նկատել» ՀՀ Սահմանադրության նորմերի աղաղակող խախտումները։ Եվ քանի որ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծ որևէ պատգամավոր չի  ներկայացրել ԱԺ նախագահին (ԱԺ նախագահ Տ. Թորոսյանը ևս կարող էր դա անել), «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ և 92-րդ հոդվածների համաձայն, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.2008թ. հրամանագիրը համարվել է հավանության արժանացած։

Ավելին, մարտի 2-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում ընդունվել է ԱԺ հայտարարություն, որում անհրաժեշտ և իրավաչափ է գնահատվել ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը։

Նկատենք, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը չի մանրամասնել զինված ուժերի և նրա ստորաբաժանումների օգտագործման նպատակները, խնդիրները, կարգը, պայմանները, եղանակները։

Ի կատարումն նախագահի նշված հրամանագրի' զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման դետալացված որոշումը, հավանաբար,  կայացրել է կամ ՀՀ պաշտպանության նախարարը, կամ' ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Փաստահավաք խմբի բոլոր փորձերը' ՀՀ պաշտպանության նախարարությունից ստանալ խնդրին առնչվող հրամաններ, քաղվածքներ, հրահանգներ, արդյունք չեն տվել։

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի հակասահմանադրականության մասին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումը բազմիցս ահազանգել է թե' միջազգային կառույցներին, թե' հայաստանյան հասարակությանը, սակայն զրկված էր այդ հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու իրավական հնարավորություններից, լծակներից։ Ուստի այդ  խնդրանքով Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն  Զուրաբյանը 20.02.2009թ. գրությամբ դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին' խնդրելով հրամանագրի սահմանադրության համապատասխանության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Մեր տրամադրության տակ են Մարդու իրավունքների պաշտպանի 16.03.2009թ. և 20.04.2009թ. գրությունները' ուղղված ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի համակարգող Լ. Զուրաբյանին, ըստ որոնց' Ա. Հարությունյանը մերժում է «Արտակարգ դրություն       հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու խնդրանքը։

 

Գ. Բանակի մասնակցությունը հետընտրական գործընթացներին' մինչ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. ՀՀ նախագահի  հրամանագիրը 

Մեր տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ և այլ ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, որ մինչ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիներն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաև մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին։

2008թ. փետրվարի 23-ին ՌԴ սահմանապահ զորքերի, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի ու ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ի պատասխան լրագրողի հարցի' ՀՀ  պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մասնավորապես ասել է. «Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ և կատարում է իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները»։

Սակայն, հետագայում բացահայտվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը հենց այդ նույն օրը' 23.02.2008թ.-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը (հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում)։ Այս հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շիանարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը' 1 տարվա ազատազրկման։

Ըստ այդ հրամանի, Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ  կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով։

Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ։ Կայազորի պետ Յու. Խաչատուրովի տեղակալներ են նշանակվել ՀՀ զինվորական կոմիսարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետը, ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետը։ Կայազորի պետի օգնականներ են նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության ռեժիմի վարչության պետի տեղակալը, իրավական աշխատանքների գծով ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետը։ Կայազորի կապի պետ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի և ԱԿՆ-ի վարչության պետի տեղակալը, կայազորի բժշկական ծառայության պետ' ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը։

Երևանի կայազորի պետի աշխատավայրը սահմանվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մասնաշենքում։

Նույն հրամանով ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետին հանձնարարվում է.

ըստ զորամիավորումների հայտերի կամ Երևանի կայազորի պետի ցուցումի' տրամադրել ստեղծվող (ժամանող) ստորաբաժանումներին անհրաժեշտ նյութական միջոցներ' ապահովելով նորմալ կենցաղային պայմաններ։

Որպես հրամանի հասցեատերեր նշվում են ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, ՀՀ զինվորական կոմիսարը, պաշտպանության բանակի բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը։

Հրամանի 14 կետերից կատարված քաղվածքը բաղկացած է միայն 3 կետից' համապատասխան ենթակետերով։

Մեզ օգնելու նպատակով հրավիրված զինվորական մասնագետների աջակցությամբ, հրամանի հրապարակված կետերի ուսումնասիրությունից ու վերլուծությունից հանգել ենք մի շարք եզրակացությունների.

ա. Նախ, ինչպես հայտնի է, փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել, չի արձանագրվել նաև զինված հարձակման անմիջական վտանգ, առավել ևս' որևէ պետություն Հայաստանին պատերազմ չէր հայտարարել։ Ավելին, երկրում ռազմական դրություն հայտարարված չէր։ Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական կառավարման նոր կառույցի ձևավորման, ստորաբաժանումների տեղաշարժի որևէ հրաման չէր կարող հիմնավորվել «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով» ձևակերպմամբ։

բ. ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն' Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում։ Պատահական չէ, որ հրամանում վկայակոչված չէ ոչ սահմանադրության, ոչ էլ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ կամ դրույթ։

գ. Պնդում  ենք, որ այս հրամանի և  ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին ՀՀ նախագահը չէր կարող անտեղյակ լինել։ Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա։ Կարծում ենք, որ Ռ. Քոչարյանի մոտ այդ հրամանի գաղափարը հասունացել է փետրվարի 23-ին' բարձրագույն զինվորական կազմի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, ինչի մասին տեղեկացրել է պաշտոնական լրատվությունը։

դ. Հրամանի մեջ զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ օգտագործված է 2 ձևակերպում կամ հասկացություն՝ «ստեղծվող» և «ժամանող»։ Սա կարող է նշանակել միայն մեկ բան. ՀՀ ԶՈՒ որոշ ստորաբաժանումներ, ըստ 0038 հրամանի (հատուկ նշանակության, պայմանագրային, ռազմական տեխնիկայի և այլն), Երևան են տեղափոխվել առանց կառուցվածքային փոփոխություններ կրելու։ Մնացած զորամիավորումներին ու զորամասերին հրամայված է եղել պահանջված քվոտայի  շրջանակներում անձնակազմից ձևավորել, «ստեղծել» նոր ստորաբաժանումներ ու խմբեր, այնուհետև' գործուղել Երևան։

ե. Հավանաբար, ՊՆ 0038 հրամանով Երևան ժամանած ստորաբաժանումների     սպառազինության, հանդերձանքի, սննդի և այլ հարցերով համապատասխան հանձնարարականներ են տրվել թիկունքի, սպառազինության վարչություններին, քանի որ ԿՇ և ԶԲ վարչության համանման հանձնարարականն առկա է եղել հրամանի քաղվածքում։

Հիշեցնենք. 0038 հրամանը ստորագրելու ժամանակ' 2008թ. փետրվարի 23-ին, Երևանի Ազատության հրապարակում 3 օր շարունակ ընթանում էին բազմահազարանոց խաղաղ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել։

Փաստորեն, մինչև ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված ապօրինի հրամանով' բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին։ Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր։ Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ ու խմբեր, տեղափոխվել ու տեղակայվել Երևանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս և այլն)։

Փաստահավաք խումբ հրավիրված ու հարցաքննված, այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել  Հարությունյանը, իրեն ուղղված բազմաթիվ հարցերին ի պատասխան, համառորեն հերքում է փետրվարի 23-ի իր 0038 հրամանի գոյությունը ու պնդում, թե մինչև «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը' ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները որևէ գործողության չեն մասնակցել ու որևէ դերակատարում չեն ունեցել։ Խմբի անդամ Ա. Քոչարյանի հարցին. «Սահմանադրությամբ բանակի օգտագործումը ներքին կյանքին'  կարելի՞  է, թե ոչ», նա  պատախանում  է. «Իհարկե'  կարելի է»։ Երբ նրան հակադարձեցին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը նման իրավունք չի նախատեսում, Հարությունյանը փորձում է արդարանալ, թե ստորագրվել էր «Արտակարգ  դրություն հայտարարելու  մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը, և ինքը ղեկավարվել է այդ հրամանագրով։

Փաստահավաք խմբում պաշտպանության նախկին նախարարի պատասխանները վկայում են, որ  նախարարի համար երկրի  օրենքներից ու Սահմանադրությունից գերակա են նախագահի կարգադրություններն ու հրամանագրերը։ Իրավական ակտերի օրինականությանը վերաբերող հարցերը նա խնդրեց ուղղել ՀՀ նախագահին, նույնիսկ տարակուսեց, թե ինչու են այդ հարցերն իրեն ուղղում։

Մամուլում ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված հրամանի քաղվածքի հրապարակումից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը չհերքեց նման հրամանի առկայությունը' փորձելով պատճառաբանել այդ ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմամբ։ Իշխող Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ հրամանի գոյությունը փորձել են արդարացնել առավել զավեշտալի  բացատրություններով' Երևանում քաղաքացիական պատերազմ կարող էր սկսվել, և բանակը պետք է պատրաստ լիներ դեպքերի նման զարգացմանը (Ռ. Զոհրաբյան), կամ' դա պետական, պաշտպանական գաղտնիքի է առնչվում, և դրա  մասին իրենք չեն ցանկանում խոսել (Դ. Հարությունյան)։

ՊՆ N0038 հրամանի օրինականությունն ու հիմնավորվածությունն, առավել մանրամասն, փորձել է փաստարկել ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը' իր մամուլի խոսնակի միջոցով։ «Մեդիամաքս» գործակալությանը Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է հետևյալը (մեջբերում ենք բառացի). «Պաշտպանության նախարարի գործողությունները պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության այն իրական սպառնալիքների համատեքստում, որոնք առկա էին 2008թ. հունվար-փետրվար ամիսներին։ Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփման գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման նպատակով։ Բառացիորեն մի քանի օր հետո (4 մարտի 2008թ.) ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտ տեղի ունեցած լրջագույն միջադեպը, որը, դատելով հակառակորդի գործողությունների ծավալներից ու բնույթից, կարող էր վերածվել լայնածավալ ռազմական հակամարտության, ապացուցում է նախարարի գործողությունների համարժեքությունը»։ Այնուհետև, մատնելով ինքն իրեն, շարունակում է. «Մեր ջանքերն այդ ժամանակ ուղղված էին բանակը քաղաքական գործընթացներից հեռացնելուն, որի մեջ նրան ներքաշում էր ընդդիմությունը, և իշխանության փոփոխության ժամանակահատվածում նրա ուժերը երկրի անվտանգության ապահովման վրա կենտրոնացնելուն։ Պետք է չափազանց անտեղյակ կամ չափազանց կողմնակալ լինել, որպեսզի չհասկանալ այդ ժամանակահատվածի ակնհայտ իրականությունը»։

Մեր ուսումնասիրություններին աջակցած զինվորական մասնագետները պնդում են, որ հակառակորդի հետ շփման գծում իրավիճակը սրվելու դեպքում պաշտպանության նախարարության ու զինված ուժերի գլխավոր շտաբի գործողություններն ու հրամանները միանշանակ պետք է միտված լինեին մարտական հերթապահություն կրող զորամասերի ու սահմանային պաշտպանական շրջանների ուժեղացմանն ու ամրացմանը թե' զինտեխնիկայով ու անձնակազմով, թե' զինվորական կառավարման կենտրոնական ապարատից՝ ՊՆ-ից ու ԳՇ-ից սահմանային զորամասեր բարձրաստիճան զինվորականներ գործուղելով։ Ընդ որում, ըստ նրանց պնդումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման կերպ է վարվել անցած 15 տարիներին' սահմանային իրավիճակի յուրաքանչյուր  լարման դեպքում։ Մինչդեռ 23.02.2008թ. ՊՆ 0038 հրամանի տրամաբանությունը լիովին հակառակն է՝ Երևան են բերվում զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա և սահմանային զորամիավորումներից ժամանակավորապես կազմավորված հատուկ խմբեր ու ստորաբաժանումներ, ինչը ոչ մի պարագայում չէր կարող պայմանավորված լինել ու բացատրվել հակառակորդի հետ շփման գծում իրավիճակի լարմամբ։

Վերը շարադրվածից 23.02.2008թ. ՊՆ 0038 հրամանի քաղաքական ենթատեքստը առավել քան ակնհայտ է, եթե հավելենք, որ փետրվարի 23-ին, արդեն 3 օր շարունակ, Երևանի Ազատության հրապարակում ընտրության արդյունքները վիճարկող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների խաղաղ հանրահավաքներ էին ընթանում։ Քաղաքական ընդդիմության հիմնական պահանջը նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների վերահաշվարկն էր։

2008թ. փետրվարի նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական գործընթացներում բանակի ապօրինի ներգրավման վերաբերյալ բացահայտումներն ու ահազանգները մնացին անարձագանք թե' ՀՀ իրավապահ մարմինների, թե' մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից։ Ուստի խիստ կարևոր ենք համարում Եվրոպական կառույցների կողմից խնդրի արծարծումը' որպես ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի «2008թ. մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ և վստահելի քննություն անցկացնելու» պահանջի կատարմանը նպաստող հանգամանք։

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախապատրաստվել և դրվել է շրջանառության մեջ «Բանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին» վերնագրով բանաձևի նախագիծ։ Փաստաթղթի հեղինակը ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադն է։ Փաստաթուղթը ստորագրել են ևս 20 պատգամավորներ։ Սույն բանաձևը ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել 2008թ. մարտյան իրադարձություններում բանակի ներգրավման մասին ամբողջ տեղեկատվությունը, թափանցիկ հետաքննություն անցկացնել հետընտրական իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ, անհատական պատասխանատվության ենթարկել այս իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին։

Որ մինչև «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի հրապարակումը, բանակն արդեն ներգրավված էր ու մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին, վկայում են մի շարք փաստեր.

ա. Մարտի 1-ին, ժամը 16.09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։

բ. Մարտի 1-ին, ժամը 16.11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։

գ. Մարտի 1-ին, ժամը 16.27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով։ Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողկան ավտոմեքենան նույնպես այդտեղ է։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։

դ. Մարտի 1-ին, ժամը 18.14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով։ Վկայակոչվածը հաստատվում  է տեսաժապավեններով  և  լուսանկարներով։

Մինչդեռ փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի 14.11.2008թ. հետևյալ հարցմանը. «Պաշտպանության նախարարության ի՞նչ ստորաբաժանումներ են մասնակցել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին, ի՞նչ հատուկ միջոցներ և ի՞նչ զենք են ունեցել իրենց տրամադրության տակ, ո՞ր ժամին են ստորաբաժանումներն իրականացրել իրենց ծառայությունը», ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի  պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովն իր 21.11.2008թ. N689/ԳՇ գրությամբ պատասխանում է. «2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության ոչ մի ստորաբաժանում չի  մասնակցել», և որ' արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի արձակումից հետո «Պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման և հաստատվել է հրահանգ' արտակարգ դրության պայմաններում բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգ ու կանոնի հաստատումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը և արտակարգ դրության պահանջների կատարումը։ Պարեկապահակակետային վերակարգում ծառայության ընդգրկված անձնակազմը առաջնորդվել է ՀՀ օրենքներով, համազորային կանոնադրությունների և ՀՀ պաշտպանության նախարարի հրահանգի պահանջներով, զինվել է անհրաժեշտ հաստիքահաշվեցուցակային զենքով։ Արտակարգ դրության ավարտից հետո նշված անձնակազմը, կցագրված հաստիքահաշվեցուցակային զենքով հանդերձ, վերադարձվել է մշտական տեղակայման վայրեր»։

Այս պատասխանի մեջ զարմանալին այն չէ, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի  պետը փորձել է հերքել մարտի 1-2-ի դեպքերին բանակի մասնակցության ակնհայտ փաստերը, այլ այն, թե ինչպես է պնդում բանակի մասնակցությունը երկրում սահմանադրական կարգի, բնակավայրերում հասարակական կարգ ու կանոնի հաստատման մասին, ինչով իսկ ուղղակիորեն հերքում է ինքն իրեն' հայտարարելով, որ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել։

Սույն պատասխանով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է, որ բանակի ստորաբաժանումները մասնակցել են ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով չնախատեսված, հետևաբար' զինված ուժերի ու բանակի համար հակասահմանադրական ու հակաօրինական խնդիրների՝ սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը։