Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱՕԵԷՍ - Ը ԳՆԵԼ Է «AES - ԹԵԼԱՍԻ» ԷԼԵԿՏՐԱԲԱՇԽԻՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսություն

Ամերիկյան «AES - Սիլք Ռոադ» էներգետիկ ընկերությունը ռուսական ՌԱՕԵԷՍ - ին է վաճառել Թբիլիսյան էլեկտրաբաշխիչ «AES - Թելասի» ընկերության վերահսկիչ փաթեթը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, կնքված գործարքի մանրամասները գաղտնի են պահվում։

«AES - Սիլք Ռոադ» ընկերության նախագահ Ջոն Հափեյքերը ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք Թբիլիսիի էլեկտրացանցի բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին ժամանակին տեղեկացրել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին։ Հափեյքերը բացատրել է, որ «AES - Թելասին» վաճառելու պատճառը վերջինիս անշահութաբերությունն է։ Ամերիկյան ընկերությունը Վրաստանում հետագա աշխատանքի համար հեռանկարներ չի տեսնում։

«AES - Թելասիի» կազմում, բացի Թբիլիսիի էլեկտրաբաշխիչ ցանցից, ընդգրկված են նաեւ «Խրամի - 1» եւ «Խրամի - 2» ՋԷԿ - երը։ Ամերիկյան կողմի գնահատականներով, «AES - Սիլք Ռոադը» 1998թ. - ից հետո այդ օբյեկտները նորացնելու համար 260 մլն ԱՄՆ դոլար է ներդրել։

Ինչպես հայտնի է, «AES - Սիլք Ռոադ» ընկերությունը ժամանակին Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերը գնելու մտադրություն ուներ, սակայն վերջնական փուլում հրաժարվեց մասնավորեցման մրցույթին մասնակցությունը շարունակելուց։