Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՐՋՎԵՆՔ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ

Մշակույթ

Չթրջվել Վարդավառին, նշանակում է մասնակից չդառնալ ժողովրդական տոնահանդեսի: Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 27-ին նշում է Վարդավառի կամ Հիսուսի Պայծառակերպության տոնը:

Այն եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է Զատիկից 14 կամ Հոգեգալուստից 7 շաբաթ անց` առաջին կիրակի օրը: Տոնը ունի 35 օրվա շարժականություն եւ տոնվում է հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Եկեղեցու ավանդությունը պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որն էլ առիթ դարձավ, որ Կոստանդին Մեծ կայսեր մայրը` Հեղինեն, Թաբոր լեռան վրա կառուցի եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպվելու:

Ըստ ավանդության, երբ Հիսուս Քրիստոսը աղոթում էր Թաբոր լեռան վրա, առաքյալները հանկարծ հայտնաբերում են, որ նրա դեմքից երկնային լույս էր ճառագում: Հիսուսի հագուստն անգամ դարձել էր շլացուցիչ սպիտակ: Առաքյալները նկատում են, որ մեծ մարգարեները՝ Մովսեսն ու Եղիան են հայտնվել լեռան վրա. «Մովսեսն ու Եղիան, փառքով երեւալով, խոսում էին Նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում» (Ղուկ. Թ 31):

Երբ Աստված հայտնվեց Թաբոր լեռան վրա, այդ ժամանակ աշակերտներից ոչ ոք պարզորոշ չգիտակցեց, որ «Նա է մշտնջենավոր Աստված եւ Փառքի Տերը, Լուսավոր Ամպը, որ իրենք արժանացել էին աստվածտեսության խորհրդին»: Միայն հետագայում աշակերտները հասկացան ու բացահայտեցին սուրբ լեռան գաղտնիքը:

Պայծառակերպության տոնը ժողովուրդը անվանում է Վարդավառ՝ Հիսուս Քրիստոսին վարդի հետ համեմատելու պատճառով. «Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես եւ Տերը նախքան պածառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, եւ ինչպես վարդը բացվելով ամենքին հայտնապես երեւում է, այդպես էլ մեր Տերը պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը»:

Վարդավառին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա հին ավանդություն: Համաձայն դրա, այդ սովորությունը հաստատվել է ջրհեղեղից հետո ջրի անզորությունը եւ Աստծո նկատմամբ իրենց հավատարմությունը շեշտելու համար: