Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու ԲՀԿ նոր անդամ դեռ չկա

Հասարակություն

Երեւանի ավագանու այսօրվա նիստին օրակարգում ընդգրկված 13 հարցը մեկ ժամում քննարկվեց եւ միաձայն ընդունվեց:

Նույնիսկ մայրաքաղաքի 2009թ. բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվեց հաշված րոպեների ընթացքում եւ առանց առարկությունների ընդունվեց: Ավագանու միայն ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը փորձեց շտկել իրավիճակը` երբեմն օրակարգի այս կամ այն կետի վերաբերյալ ներկայացնելով մի քանի առաջարկ:

Օրակարգի վերջին 6 կետերը վերաբերում էին ՀՀ արվեստի ժողովրդական եւ վաստակավոր տարբեր գործիչների հիշատակն հավերժացնող հուշատախտակների տեղադրմանը: Նրանցից էր հայրենական գիտության, հատկապես ռադիոֆիզիկայի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: Նրա հուշատախտակի տեղադրման առաջարկությունը ներկայացրել է ակադեմիկոս Ղազարյանի ընտանիքը: Այս նախաձեռնությունը հավանությանն է արժանացել է նաեւ ավագանու համապատասխան հանձնաժողովի կողմից:

Ավագանու այսօրվա նիստին բացակայում էր ԲՀԿ ցուցակով Երեւանի ավագանու անդամ Նատալյա Լափաուրին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանն հաստատեց «Ա1+»-ի ունեցած տեղեկությունը, որ նա դուրս է եկել ավագանու ԲՀԿ կազմից: Վարդանյանը նաեւ ավելացրեց, որ պատճառը Լափաուրիի աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկն է. «Նատալյա Լափաուրին իր կամքով է դիմումը գրել ու ներկայացրել քաղաքապետին եւ ոչ մի այլ խնդիր չի եղել»:

Այս պահին ավագանու ԲՀԿ անդամները դեռ 17-ն են, քանի որ Նատալյա Լափաուրիի դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեռ չի հաստատել: Ըստ Արման Վարդանյանի` միայն ԿԸՀ հաստատումից հետո ԲՀԿ ցուցակով հաջորդ անդամը կդառնա Երեւան քաղաքի ավագանի:

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում Նատալյա Լափաուրիի դիմումը չքննարկվեց, քանի որ Վարդանյանի պատճառաբանությամբ` նման ընթացակարգ չկա, ընդամենը նիստը նախագահողն այդ մասին տեղյակ է պահում ավագանուն: