Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՐԱՆՍԻԱԿԱՆԱՑԱԾ ՄԵՐ ՎԱՐԴԵՆԻՍԸ

Մարզեր

Դեռեւս 9 տարի առաջ որոշվեց «քույրացնել» Հայաստանի Վարդենիս գյուղը Ֆրանսիայի Ռոման քաղաքի հետ: Իրական համագործակցությունը սկսվեց 5-6 տարի առաջ: Բարեկամության արդյունքներին ծանոթանալու նպատակով հունիսի 24-ից Հայաստան է այցելել ֆրանսիական մի պատվիրակություն Ռոման քաղաքի քաղաքապետ Անրի Բերտոլեի գլխավորությամբ: Ի դեպ, Ֆրանսիայի այդ քաղաքում բնակվում է հայկական ծագումով 250 ընտանիք:

Ֆրանսիական համագործակցության ծրագրերը Վարդենիսի հետ զարգանում են 5 ուղղություններով, սակայն, ինչպես եւրեւում է, ֆրանսիացիներին առավել հետաքրքրում է հիմնականում մեկ ճյուղ` ագրոտուրիզմը:

Այդ ծրագիրը ֆրանսիացիներն իրականացնում են Վարդենիսում: «Բոլոր այն մարդիկ ում բախտ է վիճակվել լինել այդ շրջանում հիացած են: Գեղատեսիլ վայր է. լիճ շրջապատված անտառներով»,- հայ լրագրողներին այսպես է նկարագրում Վարդենիսը Ռոման քաղաքի քաղաքապետը:

Ֆրանսիացիները, սակայն, չեն համարում, որ այդ տարածքում անհրաժեշտ է կառուցել գերժամանակակից հյուրանոցներ: Իրենց հանգստի յուրահատկություններից ելնելով ֆրանսիացիները որոշել են. ավելի ճիշտ կլինի, որ զբոսաշրջիկները տեղավորվեն Վարդենիսի ֆրանսախոս ընտանիքներում: Նման բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող ընտանիքներին հայտնաբերելու նպատակով Վարդենիս արդեն այցելել է ագրոտուրիզմի ֆանսիացի մի մասնագետ:
Ներկայումս 7 ընտանիք կա, որ հնարավորություն ունի ընդունել 20 զբոսաշրջիկ:

Այնուամենայնիվ, այս ամենը դեռ նախապատրաստական աշխատանք է ագրոտուրիզմը Վարդենիսում զարգացնելու ուղղությամբ: Վարդենիս - Ռոման համագործակցության շրջանակներում հիմնվել է կաթնարտադրության փոքրիկ մի տնտեսություն, որտեղ աշխատում է 7 մարդ: Աշխատատեղի այդ թիվը, սակայն, պայմանական է, քանի որ արտադրամասը գյուղացիներին օգնում է իրացնել կաթնամթերք:

Արտադրամասի արտադրանքն առայժմ իրացվում է միայն Հայաստանում: Հեռանկարում, ի դեպ, կա արտադրանքի արտահանման ծրագրեր, սակայն, արտադրանքն արտահանվելու է ոչ թե Ֆրանսիա, այլ ԱՄՆ:

Բացի վերոնշյալից ֆրանսիացիները Վարդենիսում հիմնել են ֆրանսերենի ուսուցման կենտրոն, աջակցում են քաղաքի բարեկարգմանը եւ համագործակցում են բժշկության ոլորտում: Ի դեպ, հենց այս ոլորտում համագործակցելիս ֆրանսիացիները զգացել են, թե ինչ ծանր սոցիալական պայմաններում են ապրում վարդենիսցիները:

ֆրանսիացիներն իրենք են ականատես եղել, որ աշխատատեղ չունենալու կամ ցածր աշխատավարձ ստանալու հետեւանքով գուղի բնակիչներն ընդանրապես չեն դիմում բժիշկների օգնության: Եթե կոնկրետ այդ ոլորտում ֆրանսիացիները ոչնչով չեն կարող օգնել Վարդենիսի բնակիչներին, ապա գյուղի երեխաներին նրանք փորձում են օգնել սեփական նախաձեռնությամբ:

Ռոման քաղաքի պատվիրակության անդամները խոստովանում են, որ Հայաստան գալու ժամանակ` Վարդենիսի երաժշտական դպրոցի համար, իրենց ճամպրուկներում բերել են երաժշտության պարտիտուրաներ: «Այս համագործակցությունը լավագույնս ցույց է տալիս, որ Ֆրանսիա-Հայաստան համագործակցությունը չի սահմանափակվում միայն Երեւան քաղաքով»,- արձանագրում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին: