Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնունդդ շնորհավոր, Արամ Աբրահամյան

Հասարակություն

Հավասարակշռություն, անաչառություն, բազմակողմանիություն, զսպվածություն, կոռեկտություն, համեստություն: Այս բառերը ճշգրիտ կերպով բնութագրում են «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, մեր սիրելի գործընկեր Արամ Աբրահամյանին. այսօր նա դարձավ 50 տարեկան:

Նրան չճանաչողները գուցե զարմանան, որ ժուռնալիստիկայում կատարելության հասած Արամ Աբրահամյանը լրագրողի մասնագիտական կրթություն չունի.

Նա երաժշտագետ է եւ ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան. արվեստագիտության թեկնածու է: Խորհրդային տարիներին նա հեռուստատեսությունում եղել է երաժշտական հաղորդումների խմբագիր:

Իսկ իրական ժուռնալիստիկան, կապանքներից ու ավելորդաբանություններից զերծ Արամ Աբրահամյանի համար սկսվեց Ա1-ից: Հայաստանի անկախացումից հետո Ա1 ստուդիայի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանի հետ նրանք կարելի է ասել արեցին այդ ժամանակների համար համարձակ մի քայլ. հիմնեցին առաջին անկախ ստուդիան, որը հետո քարոզչական պատերազմում երկրի համար օգտակար գործ էր անելու:

 Ժուռնալիստիկայում մասնագիտական առաջին լուրջ քայլերը նա արել է հանրապետության ամենաթեժ կետերում`1991-1992 թվականներին լուսաբանելով մարտական գործողությունները Շահումյանում, Ասկերանում, Մարտակերտում: Նրա եւ Ա1 ստուդիայի շնորհիվ ճշմարտությունը Հայաստանի մասին իմանում էր ոչ միայն հայ հեռուստադիտողը, այլեւ արտերկրի, որովհետեւ Ա1 ստուդիան համագործակցում էր արտասահմանյան տարբեր հեռուստաընկերությունների հետ, տեղեկատվություն փոխանակում:

Արամ Աբրահամյանն իր լրագրողական գործունեության մեջ հավատարիմ է մնում լրատվության ոսկե կանոններին, բայց չի ընդունում չեզոքությունը:  «Ինչպե ՞ս կարող է լրագրողը չեզոք լինել: «Չեզոք» բառն ինձ դուր չի գալիս. դրա մեջ ինչ-որ անտարբերություն կա, ինձ դուր է գալիս բալանսավորված` հավասարակշռված նյութը»,-մի առիթով ասաց Արամ Աբրահամյանը:

«Առավոտի» ընթերցողներին գրավում է Արամ Աբրահամյանի հավասարակշռվածությունը, որը բնականաբար փոխանցվում է իր  թերթին:

«Ա1+»-ի «Հետգրություն»/ P.S/ հաղորդաշարի հաջողության գրավականն էլ հենց այդ հավասարակշռվածությունն էր, համբերատարությամբ իր հյուրին «բացելու» հմտությունը, նուրբ սրությունն ու չարտասանված թաքուն հեգնանքը:

Հենց այս որակների համար Արամ Աբրահամյանի «Հետգրությունն» 2002 թվականին արժանացավ ԵՄԱ-ի ամենամյա մրցանակին, եւ նույն չափանիշներով առաջնորդվելու համար 2009 թվականին «Առավոտ» -ն արժանացավ «Ազդարար» մրցանակի: ԵՄԱ-ի եւ մի քանի այլ լրագրողական կազմակերպությունների կողմից նա արժանացավ նաեւ «Մամուլի ազատության ժամանակ» մրցանակին`«Հայաստան-2020» հոդվածաշարի համար:

 «Ա1+»-ը շնորհավորում է իր սիրելի գործընկերոջը ծննդյան հոբելյանի առիթով: