Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐԱՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսություն

Հունիսի 27-ին «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար «Իրավախախտումների կանխումը մտավոր սեփականության բնագավառում» թեմայով: Այն կազմակերպել էին Տնտեսական քաղաքականության եւ իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնը (AEPLAC) եւ ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը:

Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Եվրամիության փորձագետ Միխա Թրամպուզը, որի ներկայացմամբ Եվրամիությունը կարեւորում է այս խնդիրը, եւ այդ բնագավառում հայկական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն կան բացթողումներ ու թերություններ:

Փորձագետի կարծիքով եվրոպական երկրներում կիրառվող «ապրանքների ետ կանչման» մեխանիզմը սպառողների կողմից կարելի է ներառել Քաղաքացիական օրենսգրքի մեջ, բացի դրանից իրենք կարեւորում են նաեւ մաքսային մարիմնների դերը` երկիր կեղծ պիտակներով կամ տարբերանշաններով ապրանքների ներմուծումը կանխելու առումով:

Հեղինակային իրավունքների, սպառողների շահերի պաշտպանության տեսակետից նա անդրադարձավ նաեւ ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքին»` նշելով, որ համապատասխան այդ հանձնաժողովը պետք է ուժեղ մարմին լինի, ունենա հզոր իշխանություն, ինպես եվրոպական երկրներում է, երբ դրանք ունեն հետաքննություն վարելու, տույժեր, տուգանքներ սահմանելու եւ այլ իրավունքներ:

Միջազգային փորձագետը զարմացած էր, թե ի՞նչ փոխհատուցում կարող են ստանալ տեղի սպառողները, որոնք անարդար մրցակցության զոհ են դառնում: