Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյան «Ղալաթ են արել» (տեսանյութ)

Քաղաքականություն

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Եռաբլուր ժամանեց, երբ արդեն հեռացել էին Նախագահը, վարչապետը, Պաշտպանության նախարարը եւ մյուս պաշտոնյաներն ու զինվորականները: Մոտեցավ, ողջագուրվեց մարտական ընկերների հետ, ծխեց: Հետո ծաղկեպսակ դրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու խաչակնքեց:

Խոսելով ղարաբաղյան վերջին զարգացումներից` Մանվել Գրիգորյանը ավելորդ համարեց Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքները հանձնելու մասին խոսակցությունները:

«Ես Ղարաբաղի հետ կապված որեւէ նմանատիպ խնդիրներին ոչ մի ձեւ կողմակից չեմ: Ղարաբաղի ժողովուրդը անկախությունը ձեռք է բերել ու վայելում է այն: Ղարաբաղյան հարցի լուծումը վաղուց գտնված է, ի՞նչ նոր լուծման մասին կարելի է խոսել: Մարդիկ անկախ պետության մեջ են ապրում: Հողերը ոչ տվող կա, ոչ էլ վերցնող: Գիտեք, իրանք կարո՞ղ են վերցնել»,-ասաց նա:

Գեներալի խոսքով, հիմա պատերազմի վտանգ կա, Երկրապահն էլ երբեք կռվից դուրս չի եկել.

«Այսօր հայոց բանակը, զորքը զբաղված է պետական սահմանների պաշտպանությամբ: Օրական զոհեր և վիրավորներ կան, ինչ է այդ մասին չգիտե՞ք,-հարցրեց նա, իսկ երբ լրագրողները նշեցին, որ այդ մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չի հաղորդվում` Պաշտպանության նախկին նախարարն ասաց,- Ոչ մի պատերազմի մասին էլ պաշտոնապես չի հայտարարվում»: Լուրերը, թե ղարաբաղյան հարցը մինչեւ գարուն լուծվելու է, Մանվել Գրիգորյանը համարեց ավելորդ.«Ղալաթ են արել, թե' լսողները, թե ասողները»:

Ինչ վերաբերում  է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Մանվել Գրիգորյանը կողմնակից է հարեւանների հետ հարաբերություններ ունենալուն:

«Միայն քյառն ու քոռը չեն ցանկանա իրենց հարեւանների հետ լավ լինել: Կյանք է: Բայց նայած ինչ պայմաններով` սահմանը կուզեմ բացեն: Իհարկե, ոչ թե ցեղասպանությունը ուրանան կամ...հազար հատ խնդիրներ կան: Մենք էլ ենք կողմ, որ բոլորի հետ լավ հարբերություններ լինեն, բայց ոչ թե իրենց պահանջներով կամ իրենց դրդառիթներով»,-ասաց նա:

Միաժամանակ, Երկրապահ կամավորականների միության նախագահը հերքեց լուերը, թե իշխանությունները պատրաստվում են ուժեղացնել «Երկրապահին»: « Երկրապահը հայ ժողովուրդն է, ինքն է ուժեղացնում մարդկանց, ոչ թե երկրապահին են ուժեղացնում»,-ասաց նա:

Խոսելով «Երկրապահի» նախկին անդամների մասին, Մանվել Գրիգորյանը ասաց, թե ինքը ոչ ոքի կառույցից չի հեռացրել:

«Ես ոչ մեկնի «Երկրապահից» չեմ ղրկել: «Երկրապահը» օջախի պես է, դռները միշտ բաց են ընտանիքը, պետությունը, մարդուն , ժողովրդին սիրող մարդու առաջ: Ես անձամբ ոչ ոքից չեմ նեղացել, ես իմ տեղում եմ: Սա Վազգենի եւ ժողովրդի օջախն է, ինձանից ոչ ոք բարոյական իրավունք չունի անձամբ նեղանալու: Ով Երկրապահից նեղանում է, ուրեմն հայ ազգից է նեղանում»,- ասաց նա:

Նույնիսկ մարտիմեկյան իրադարձություններից եւ իր մի քանի անդամներին հետ քաղաքական հաշվեհարդարից հետո Երկրապահը պատրաստ է նորից պատերազմելու՞:

«24 ժամ երկրապահը կռվում է, բա ինչի՞ համար է: Մենք նեղացած չենք, իսկ այն որ շատ ազատամարտիկներ այսօր նստած են` կասեմ, որ խելոք մարդիկ պիտի նստեն էլ, դա էլ մի փորձություն է: Ոչ մի երկրապահ բարոյապես իրավունք չունի նեղանալու, եթե մարդիկ պատրաստ են ֆիզիկապես: Տանն էլ է վիճաբանություն լինում, դե տենց բաները մելկի բաներ են»,- ասաց նա:

Հայ ժողովրդին Բանակի օրվա առիթով Մանվել Գրիգորյանը մաղթեց միասնություն: «Մեզ միասնություն է պետք, որ այսպես տալուց-առնելուց չխոսեն, միայն լավ լավ բաներից խոսեն»,- ասաց նա: «Իսկ եթե խոսում են պատերազմի մասին, էլ ի՞նչ լավ բան»,- հարցին նա պատասխանեց. «Շունն ինչի՞ համար է, որ հաչի: Նրանք հաչում են, դուք էլ նրանց բզբզում ենք»: