Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանադրություն, որ ուղեկցվել է վրաերթով

Հասարակություն

Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում վերջերս իրարանցում էր. Գյուղը պատրաստվում էր նշանադրության, որին մասնակցելու էր նաեւ Սերժ Սարգսյանը:

Իսկ նշանվում էին Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը եւ գյուղի բնակչուհի Սոնա Մելքոնյանը:

Նշանադրության արարողությունը դեկտեմբերի 2-ին էր, սակայն արդեն դեկտեմբերի 1-ից գյուղում իրականացվում էին անվտանգության ապահովման միջոցառումներ:

Ըստ ականատեսների` Քարաշամբի բոլոր այգիները, տանիքները, նույնիսկ գոմերը մանրակրկիտ ստուգվում էին: Գյուղ մտնող ու դուրս եկող բոլոր ավտոմեքենաները, ամեն ոք զննության էր ենթարկվում:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` մինչ խնամիները Նոր Հաճընում էին, նրանց ուղեկցող մեքենաներից մեկը Քարաշամբ տանող ճանապարհին` Նոր Հաճըն-Նոր Գեղի հատվածում վրաերթի է ենթարկել Նոր Գեղի մի բնակչի:

Տղան 17 օր անգիտակից վիճակում գտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեկտեմբերի 19-ի երեկոյան, մեր տեղեկություններով տղայի գիտակցությունը վերականգնվել է:

Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը զանգահարեց եւ մեզ տեղեկացրեց, թե նման բան տեղի չի ունեցել: Ըստ նրա` «դա անհեթեթություն է», եւ եթե նման դեպք եղած լիներ, ապա տուժածը կդիմեր դատախազություն:
Նա նաեւ տեղեկացրեց, որ, իրոք, ժամը 19-ի սահմաններում իրենք անցել են նշված ճանապարհով, բայց կրկնեց. «Նման դեպք չի եղել»: