Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«90 տոկոսը դեմ է Լյուդմիլա Սարգսյանին» (տեսանյութ)

Հարցազրույց

Վաղը տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումարը: Մինչ այդ ՍԴՀԿ հայաստանյան մարմնում ստեղծված իրավիճակի եւ ատենապետի հնչեցրած մեղադրանքների մասին զրուցեցինք Վահան Շիրխանյանի հետ:

- Կուսակցությունում արտակարգ իրավիճակ է եւ այդ պատճառով հրավիրվել է արտակարգ համագումար: Կանոնադրի «Ներկուսակցական դեմոկրատիա` մեծամասնություն եւ փոքրամասնություն» գլխում ասվում է, որ ՍԴՀԿ-ում բոլոր օղակներում ցանկացած որոշում ընդունվում եւ գործողության մեջ է դրվում ձայների մեծամասնությամբ: Հնչակյան կուսակցության անդամները բավականին երկար եւ համբերատար նայում էին, թե ինչպես է Լյուդմիլա Սարգսյանը քայքայում կուսակցությունը, սակայն եկավ մի պահ, երբ բոլոր սահմաններն անցավ, սկսեց մասսայական լուծարումներ, հեռացումեր, մասսայական կասկածելի ընդունելություններ, եւ կուսակցականները իրենց կողմից ընտրված օրինական ղեկավարներին հանձնարարեցին հավաքվել եւ որոշում կայացնել. տվյալ պահին նրանք ներկայացնում են ՀՀ ՍԴՀԿ 90 տոկոսը եւ որոշեցին, որ անհրաժեշտ է անցկացնել արտակարգ համագումար կուսակցությունը փրկելու համար, այդ համագումարը կանոնադրական է, եւ համագումարի նպատակը հնչակյան կուսակցությունը փրկելն է հետագա քայքայումից:

-Համագումարին հրավիրվե՞լ է Լյուդմիլա Սարգսյանը:

-Այո, հրավիրվել է, բայց դատելով հրապարակային ելույթներից` հավանաբար չի մասնակցի: Նա իր նկատմամբ անվստահություն հայտնելուց հետո հրաժարական կտար եւ կասեր` իմ կուսակցականները ինձ մերժում են, ես այստեղ այլեւս անելիք չունեմ. բարոյականը, ճիշտը կլիներ դա: Բայց կյանքում այդպես է` պատահաբար, մեքենայություններով որեւէ պաշտոնի հայտնված մարդը սկսում է կասկածել իրեն շրջապատող բոլորին, որ նրանք ուզում են իրեն գցել եւ իր աթոռը վերցնել. Սա դասական օրինակ է Լյուդմիլա Սարգսյանի համար: Մարդ, որը պատահաբար հայտնվել է ատենապետի աթոռին, եւ այդ պրոցեսը ուղեկցվել է բազմաթիվ մեքենայություններով, կանոնադրական կոպիտ խախտումներով, բնական է, որ միշտ պետք է վախն իր մեջ ունենա, որ հանկարծ որեւէ մեկը չգա, ու իրեն չասի` վեր կաց:

-Իսկ կա՞ր այդպիսի տրամադրություն` նրան «վեր կաց» ասելու:

-Դեռ 3 ամիս առաջ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը իրեն գրավոր անվստահություն հայտնեց: Կուսակցականները բազմաթիվ անգամ վարչության նիստերում արել են դիտողություններ, որ պետք է համագումար անցկացնել. Կանոնագիրը պարտադրում է 4 տարին մեկ անցկացնել համագումար: Ասենք մեկ անգամ առանց համագումարի, առանց ընտրության դառել ես ատենապետ, բայց 6 տարի է անցել, համագումարը պարտադիր է: Երբ գալիս էր խոսակցությունը համագումար անցկացնելու դաշտ, նա միշտ ընկնում էր ծայրահեղական, նյարդային վիճակների մեջ. անցյալ տարի պետք է անեինք, հետաձգվեց, այս տարի համագումարից հետո պարտավոր էր անցկացնել համագումար, նորից հետաձգեց, մինչեւ իր ուզած կազմկոմիտեն չստեղծեց` չգնաց համագումարի: Դա իր խնդիրն է: Բայց փաստը կայանում է նրանում, որ կուսակցության գերակշիռ մեծամասնությունը անվստահություն է հայտնել նրան:

-Պարոն Շիրխանյան, Դուք ասում եք` ուզում ենք փրկել կուսակցությունը պառակտումից, այնինչ իրենք պնդում են, որ դուք եք պառակտում կուսակցությունը, մեկ տարի առաջ մտել եք կուսակցություն` այն քանդելու նպատակով:

- Երբ ես մեկ տարի առաջ մտա ՍԴՀԿ, ոչ մեկին չէի ճանաչում: Պարզվում է` 1 տարի հետո իմ չճանաչած մարդկանց բացարձակ մեծամասնությունը անվստահություն է հայտնում Լյուդմիլա Սարգսյանին, որին նրանք ճանաչել են 5-6 տարի: Ինչպե՞ս: Մարդիկ ինչո՞ւ գնացին, ասենք իմ հետեւից, ոչ թե 5,6 տարի իրենց ղեկավարած Լյուդմիլա Սարգսյանի: Ես չեմ ուզում նրա դիտողություններին պատասխանել, դրանք մանկական են, նրան պատասխանել են կուսակցության մասնաճյուղերի ղեկավարները` իրենց անվստահությամբ Լյուդմիլա Սարգսյանի գործողություների դեմ: Օրինակ, ինչպես կարելի էր վերցնել եւ լուծարել «Հայկ Բժշկյան» վետերանների միությունը. 100-ից ավել մարդիկ, տարիքավոր, հայրենական պատերազմ անցած , նվիրումով հնչակյան կուսակցությանը ծառայած:

-Ե՞րբ է լուծարվել այդ կառույցը:

-Լուծարում տեղի չի էլ ունեցել, ուղղակի մեկուսացվել է այդ կառույցը եւ դրա հետ աշխատանք չի տարվել, այն դեպքում երբ կանոնագիրը պարտավորեցնում է վետերանների հետ հատուկ հոգատարություն ու աշխատանք: Անտեսվել է, մոռացվել, դուրս թողնվել: Կամ «Փարամազ» մասնաճյուղը եւ կամավորականների միավորումը Մեղրիում. Այդ կառույցը 5 զոհ է տվել ղարաբաղյան պատերազմի ժամանակ, հնչակյան կուսակցության անդամ 5 զոհ, ոչ մեկի նկատմամբ նույնիսկ ձեւական հետաքրքություն չի դրսեւորվում, էլ հոգատարության մասին խոսք չկա: Իհարկե, կուսակցականները պետք է հիասթափվեին նման ղեկավարումից, կամ Արմավիրի «Մեծն Մուրադ» մասնաճյուղը:

-Դուք թվարկում եք այն կառույցները, որոնք, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, գոյություն չունեն:

- Կառույցը չլինել չի կարող, կառույցում եղել են կուսակցության բազմաթիվ անդամներ, եթե նույնիսկ կուսակցության վարչական մարմինը, կենտրոնական վարչությունը կամ ատենապետ Լյուդմիլան որոշում է լուծարել, կուսակցականները հո չե՞ն վերանում, կուսակցության շարքային կազմը մնում է, չէ՞, լուծարման դեպքում նա պարտավոր էր ստեղծել նոր վարիչ մարմին եւ ղեկավարել կուսակցությունը, բայց թափթփվածությունը, փնթիությունը, միտումնավոր մոտեցումները,թե սա յուրային է, սա յուրային չի, սա ինձ հետ համաձայնվում է, սա չի համաձայվում. այսպիսի մոտեցումներով կուսակցություն ղեկավարել հնարավոր չի:

-Իսկ այդ կառույցները հնարավո՞ր էր լուծարել առանց համագումարի:

-Կանոնագիրը նման բան թույլ տալիս է, բայց ոչ թե կառույցը, այլ կառույցի վարչական մարմինը լուծարել, որը ենթադրում է անմիջապես նոր մարմին ստեղծել: Մենք զբաղվեցինք պարտադրաբար արդեն կուսակցության պատմությունով եւ բացահայտեցինք, որ, ցավոք, այս կուսակցությունում կանոնագիր խախտելը, արհամարհելը եղել է գործելակերպ. բազմաթիվ կետեր են կոպտորեն խախտվել, արհամարհվել, նույնիսկ կարծում եմ չի ընթերցվել նորմալ մարդկանց կողմից:

-Ինչո՞ւ հանկարծ, ըստ ձեզ, այդքան հաճախակի կանոնագիրը խախտած ատենապետը որոշեց կանոնադրության տառն ու ոգին պահել Վարդան Խաչատրյանի անդամակցության հարցում:

-Հարց, որի պատասխանը միանշանակ է, որովհետեւ Վարդան Խաչատրյանի մեջ նա տեսավ վտանգ իր աթոռին. Ընդամենը: Վարդան Խաչատրյանը, որ անցել է ընդդիմադիր գործչի փայլուն ճանապարհ, ոչ մեկը չի կարող ուրիշ բան ասել, սկսեցին կպցնել տարբեր պիտակներ` իշխանության կողմից ներդրված, կուսակցությունը պառակտելու նպատակով եկած: Պարզապես Լյուդմիլա Սարգսյանին պարզ դարձավ, որ մրցակցել Վարդան Խաչատրյանի հետ որպես հրապարակային քաղաքական գործիչ, իրենք ուղղակի ունակ չեն, ուրեմն պետք էր պիտակավորել:

-Այսինքն, հիմա տիկին Սարգսյանը տեսնում է վտանգ Ձե՞ր , թե՞ Վարդան Խաչատրյանի մեջ:

-Բոլորի: Կասկածամիտ, պատահաբար աթոռին հայտնված մարդը կասկածում է բոլորին, ով ասում է, դու սխալ ես անում: Եթե ասացիր` սխալ ես անում, նա քո մեջ տեսնում է մրցակից եւ մարդ, որն ուզում է իրեն հանել այդ աթոռից:

-Իսկ Գուրգեն Եղիազարյանի մեջ վտանգ չի տեսնո՞ւմ:

-Ես կարծում եմ, որ վաղ, թե ուշ դա էլ կլսենք, ես վստահ եմ:

-Ձեր հասցեին հիմնական մեղադրանքները, որ հնչեցվում են` իշխանամետությունն է եւ կուսակցությունը Կոնգրեսից հանելու ցանկությունը: Ի՞նչ կասեք այդ մեղադրանքների կապակցությամբ:

-Ես Լյուդմիլա Սարգսյանին պետք է հիշեցնեմ, որ կուսակցությունը Կոնգրեսում ընդգրկելու առաջարկն ու պահանջը եղել է իմը: Այնուհետեւ համահնչակյան կուսակցության համագումարում Կոնգրեսի հետ համագործակցությունը շարունակելու առաջարկը նույնպես եղել է իմը: Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ շարունակելու ենք համագործակցել Կոնգրեսի հետ, բայց առողջ կուսակցությամբ, Կոնգրեսում ներկայացնելով Հնչակյան կուսակցության գաղափարախոսությունը` ազգային, սոցիալ- դեմոկրատական, եւ տեր կանգնելով այդ գաղափարախոսությանը, ինչը ցավոք սրտի ամբողջ համագործակցության ընթացքում Սարգսյանի կողմից չի արվել, բացարձակապես: Իսկ դա անթույլատրելի է, մենք պետք է մեր կուսակցության ծրագրային դրույթներին տեր կանգնենք եւ մենք շարունակելու ենք Կոնգրեսի հետ համագործակցությունը:

-Այսինքն, անկախ Լյուդմիլա Սարգսյանի ատենապետ լինելու հանգամանքից, դուք Կոնգրեսի հետ շարունակելո՞ւ եք համագործակցել:

-Ես չէի ասի անկախ Լյուդմիլա Սարգսյանից, քանի որ նա այլեւս ինքն է իրեն դուրս դրել իր գործողություններով, արտահայտություններով, հարցազրույցներով, եւ այսօր նա մերժված է Հայաստանի Հնչակյան կուսակցության անդամների կողմից եւ արտասահմանի բոլոր կառույցների կողմից: Նա ինքն է իրեն դուրս դրել, մենք բազմաթիվ անգամ փորձեցինք կանխել այս զարգացումները, չընդունեց մեր առաջարկները եւ գնաց այլ ճանապարհով:

-Իսկ Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ դուք` ի դեմս Վարդան Աճեմյանի գնալու եք, իրենք մնալու են: Նա նաեւ նկատեց, թե Աճեմյանը դեմքը փրկելու խնդիր ունի:

-Մեզ մոտ ընդունված է հարգել մարդուն: Աճեմյանը հնչակյան կուսակցության 42 տարվա անդամ է, անցել է հսկայական ճանապարհ, եւ վստահությունը նրա նկատմամբ դրսեւորվել է ընտրություններով. վերջին 10-15, 20 տարիների ընտրություններով, դա հնչակյանների վերաբերմունքն է նրա նկատմամբ, եւ Լյուդմիլան չի, որ պետք է գնահատի` դեմքը փրկելու կարիք կա, թե ոչ: Լյուդմիլային ես խորհուրդ կտայի փրկել իր դեմքը:

-Վաղվա համագումարում ի՞նչ է նախատեսված:

- Համագումարը լինելու է փակ, կընդունվի բանաձեւ, կնշի իրավիճակի շտկման , առողջացման ելքերը, եւ կընդունի բանաձեւ, այդտեղ կլինեն նոր վարիչ մարմնի ընտրություններ, օրակարգը վաղը կիրականացնենք:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը

Ի ԴԵՊ

ՍԴՀԿ արտակարգ համագումարի կազմկոմիտեն տարածել է կանոնադրական խախտումների ցանկը,որոնք իրականացրել է ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«1.Ընդհանուր դրույթները
Հոդված 3 և 9
2.Անդամակցություն
2-րդ հոդված
3.Անդամակցության եղանակ
Հոդված 1
4.Անդամների պարտականություններն ու իրավունքները
Հոդված 2,5,7,8
5 Անդամակցության սառեցում և վտարում
Հոդված 3
6.Ներկուսակցական դեմոկրատիա
Հոդված 3
7.Կուսակցության կառուցվածք, (մասնաճյուղ և վարչություն)
Հոդված 7,12, 17
8.Մարզ և մարզային վարչություն
Հոդված 1, 2, 4, 6, 11, 16, 19, 20
9.Կենտրոնական վարչություն և համագումար
Հոդված 1, 2, 13

Նման խախտումները չէին կարող չկանգնեցնել կուսակցությունը քայքայման վտանգի առջև: Հնչակյան կուսակցության կենսունակությունը արտահայտվեց նրա մեծամասնության վճռական դիրքորոշումով, որն է`անվստահություն հայտնել Լյուդմիլա Սարգսյանին և գումարել արտակարգ համագումար»,-ասված է հայտարարության մեջ: