Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԱՆԻ ՁԿՆՈՐՍԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Մշակույթ

1957 թվականին հայ պարարվեստի երախտավոր Ազատ Ղարիբյանը բեմադրեց «Սեւանի ձկնորսների պարը», որն առ այսօր պարում են: Այն առաջին անգամ կատարել է հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանը:

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում հանդիսությամբ նշվեց վերջինիս ծննդյան 75 եւ ստեղծագործական գործունեության 60-ամյակը: Հոբելյարին շնորհավորեցին նրա ընկերները, բարեկամները, աշակերտները, որոնց հաշիվը, ըստ ելույթ ունեցողների, վարպետն արդեն կորցրել է: Շնորհավորողներից յուրաքանչյուրը հարկ էր համարում ասել, որ Արտաշես Կարապետյանն ազնիվ է, առաքինի, 15 տարեկանից իր կյանքը նվիրել է պարարվեստին:

Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանը հայտնեց, որ առաջին անգամ է, որ որեւէ մեկը չի ընդդիմացել այս հոբելյանի նշմանը. «Արվեստագետների շրջանում բացառիկ դեպք է, որ Արտաշես Կարապետյանն ընդունելի եւ սիրելի է բացառապես բոլորին»:

Վերջինս մշակույթի նախարարի անունից պարարվեսի երախտավորին հանձնեց նախարարության ոսկե մեդալը, քանի որ Ռոլանդ Շառոյանը «պետական գործով Ծաղկաձորում էր»:

1943 թվականից առ այսօր Արտաշես Կարապետյանն իր ձեռագիրն է թողնում հայ պարարվեստում. այս ընթացքում գրեթե բոլոր մենապարերը ինքն է առաջին անգամ կատարել:

Հոբելյանական արարողության ժամանակ ոչ միայն ասվեցին բաժակաճառեր, մատուցվեցին նվերներ, այլեւ ներկայացվեցին այն պարերը, որոնք ժամանակին պարել էր հոբելյարը: Արտաշես Կարապետյանը խոստովանում է, որ բեմն իր համար սրբություն է, եւ ցավում է, որ հայ առնական պարերը այլեւս առնական չեն պարում: