Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿԻՆ ԱՇԽԱՏԵԼ

Տնտեսություն

Մեծ հավանականություն կա, որ Հայաստանի Ատոմակայնը մոտ ժամանակներս վերջապես կվերագործարկվի: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր դեռեւս ապրիլի 4-ից՝ հերթական վերալիցքավորման կանգնեցվելու առիթով:

ՀՀ Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ ՌԴ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ատոմակայանի միջուկային վառելիքը գնելու եւ Հայաստան ներկրելու ուղղությամբ: Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանն ի վիճակի է եղել մարել վառելիքի դիմաց ունեցած նախկին պարտքը եւ նոր ձեռք բերվող վառելիքի գումարը:

Ամբողջ ծախսը հոգացել եւ խնդիրները լուծել է ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը: Մեր հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը ապագայում որեւէ խնդիր էլ չի ունենա այդ ուղղությամբ Ռուսաստանին ունեցած պարտքերը մարելու հարցի հետ, լրատվական ծառայության ղեկավարը դժվարացավ հստակ պատասխան տալ:

Ամեն դեպքում միջուկային վառելիքն արդեն առաքվել է եւ Հայաստան կհասնի մի քանի օրից՝ մինչեւ շաբաթվա վերջ: Այնուամենային, դրանից հետո էլ Ատոմակայանը որոշ ժամանակ դեռ չի աշխատի: Այն պահից, երբ վառելիքը մուտք գործի Հայաստան կպահանջվի եւս 30 օր Ատոմակայանում տեխնիկական, նախապատրաստական աշխատանքները ավարտելու համար:

Ատոմակայնի կանոնավոր աշխատանքի համար վառելիքից ոչ պակաս կարեւոր խնդիր կա եւս: ՀԱԷԿ-ը աշխատացնելու կարեւորագույն պայմաններից մեկն էր նաեւ, ապահովել Ատոմակայնի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի եւ ընթացիկ աշխատավարձերի վճարումը:

Էներգետիկայի նախարարությունից տեղեկացանք, որ ՀԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը հիմնականում մարվել է: Անհաժեշտ է լուծել միայն 1-2 ամիսների աշխատավարձերի խնդիրը: