Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՂՈՔՈՒՄ Է «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ

Քաղաքականություն

«Արդարություն» դաշինքի 14 պատգամավորության թեկնածուներ` Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, հայց են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան` ԱԺ 2003թ համամասնական ընտրակարգով ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:

Հայցվորները համոզված են, որ ԱԺ ընտրությունների ընթացքում խախտվել են ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21 հոդվածը եւ այլ օրենքներ: Ընտրությունների ընթացքում ԿՀԸ-ը, պետական այլ մարմինները դրսեւորել են անգործություն, իրենց լիազորությունների գերազանցմամբ ընդունել են օրենքներին հակասող իրավական ակտեր:

Քարոզչություն են կատարել օտարերկրյա քաղաքացիներ եւ կազմակերպություններ, օրինակ` «Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ, ՌԴ քաղաքացի Միխայիլ Բաղդասարովը «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի ասուլիսի ընթացքում կոչ է արել քվեարկել այդ դաշինքի օգտին:

ՌԴ ՆԳ նախարար Բորիս Գրիզլովը («Եդինայա Ռոսսիյա») Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՀԿ-ն ստացել է ՌԴ նախագահին սատարող հիմնական քաղաքական ուժի դաշնակցի կարգավիճակ:

Ըստ դիմումատուների, արդյունքների ամփոփման փուլում բազմաթիվ ընտրատարծքներում ժամը 20:00-ին եւ հետո գրանցվել են հոսանքազրկման փաստեր, քվեատուփերի առեւանգման, քվեատուփը բացելուց հետո հանձնաժողովի անդամների կողմից լցոնումների եւ այլ դեպքեր։

«ՀՀ ԱԺ ընտրությունները նախապատրաստվել եւ անցկացվել են իշխանությունների ու ընտրական հանձնաժողովների կողմից նախապես ծրագրված ու կազմակերպված բնույթ կրող զանգվածային իրավախախտումներով ու կեղծիքներով, որոնք էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,- հայտարարում են «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները: