Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱԾԿԱԳՐԵՐԸ, 666-Ը, »ՉԻՊԵՐԸ»

Քաղաքականություն

Հունիսի 6-ին կառավարության վերջին աշխատանքային օրը կայացավ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի ասուլիսը նվիրված անհատական ծածկագրերի ներդրմանը:

Անհատական ծածկագրեր հանձնվեցին նախարարության մի խումբ աշխատակիցների: Ռազմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց անհատական ծածկագրերի համակարգը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը մեր մոտ թելադրված է առաջին հերթին սոցիալական բարեփոխումների անցկացման արդյունավետությունից:
Ուսումնասիրվել է նաեւ այլ երկրների փորձը՝ Դանիա, Իռլանդիա, Ղրղզստան եւ այլն:

Անհատական ծածկագրերի համակարգը կարգավորվում է համապատասխան օրենքով, թեեւ քաղաքացին կամավորության սկզբունքով պետք է ինֆորմացիա տա, այնուամենայնիվ, օրենքի համաձայն, ծածկագրերը 2004թ. հուլիսի 1-ից պարտադիր կիրառվելու է, եւ դա չունեցող քաղաքացին զրկվում է նպաստ, աշխատավարձ, թոշակ ստանալուց:

Ռազմիկ Մարտիրոսյանը նշեց, որ խնդիրը հաճախ փորձում են տեղափոխել «միստիկայի» դաշտ, ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, հարգում է բոլոր եկեղեցիների հավատացյալների ու հարցը քննարկել է նաեւ աստվածաբանների հետ:

666 թվի մասին էլ հայտնեց, որ խորհրդակցելուց հետո, իրեն ասվել է, որ այդ «գազանի նշանը» մարդու ներսում, հուգու վրա պետք է լինի, իսկ արտաքին թիվը ոչինչ էլ չի նշանակում:

Ինչ վերաբերում է «չիպերին», ապա Հայաստանում նման բան ոչ-ոք չի պատրաստվում անել, եւ առհասարակ դա ֆանտաստիկայի ոլորտից է, իսկ ծածկագրերի ներդրումը ինքնանպատակ չէ, այլ ուղղված է որոշակի խնդիրների լուծմանը:

Ռազմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվում է եկեղեցում, ու չի կարող ասել, որ ամբողջ ծրագրի նկատմամբ բացասական կարծիք կլինի, եւ լավ կլիներ ԱԺ-ում հոգեւորականության ներկայացուցիչ լիներ, որ տեսակետը արտահայտեր:

Նա տեղեկացրեց, որ ամբողջովին կրում է պատասխանատվություն ծրագրի համար, անկախ նրանից ինքը նախարար կլինի, թե չէ, միաժամանակ հաղորդելով, որ պատրաստ է ցանկացած բանավեճի, քննարկման, պատրաստակամ են տրամադրելու նաեւ բոլոր նյութերը, փաստաթղթերը, ինֆորմացիան: