Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը դու՞րս է գալիս գործընթացից

Հարցազրույց

Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիային եղածից ավելի հնարավորություններ տալը ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը համարում է անթույլատրելի: Իսկ թե ինչո՞ւ~ պարոն Մանոյանը փորձեց հիմնավորել «Ա1+»-ի հետ հարցազրույցում:

- Ժամանակն է Թուրքիային ասելու, որ նա խախտում է ձեռք բերված կանոնները: Թուրքիան անընդհատ մեր բարի կամքի արտահայտությունը թուլության նշան է ընդունում եւ անընդհատ չարաշահում է:

- Այսինքն, պետք է ընդհատե՞լ բանակցությունները Թուրքիայի հետ:

- Որքան մենք երկար մնանք այդ գործընթացում, այնքան դուրս գալն ավելի դժվար է լինելու եւ մեր կորուստներն ավելի մեծ են լինելու: Թուրքիայի նպատակը ոչ թե արձանագրությունները վավերացնելն է, Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ձեւավորելը, այլեւ աշխարհին իմիտացիայի միջոցով ցույց տալը, թե Հայաստանի հետ գործընթաց է սկսել:

- Սերժ Սարգսյանը Լիտվայի նախագահի հետ համատեղ ասուլիսում այսօր անդրադարձել է ԱՄՆ-ում Էրդողանի հայտարարություններին եւ ասել, որ ՀՀ-ն պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է` վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները եւ նույնն ակնկալում է Թուրքիայից: Իսկ Դուք ասում եք, որ նա պետք է դուրս գա բանակցություններից:

- Սերժ Սարգսյանը շարունակում է գործընթացը եւ ուզում է, որ արձանագրությունները վավերացվեն այն տեսքով, որ կան: Նա ակնկալում էր, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական գնահատական կտա հայ-թուրքական արձանագրություններին, սակայն դա եւս չեղավ: Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս Թուրքիայի մոտեցումը: Որքան Թուրքիան նման խաղեր է տալիս, այնքան ավելի է բացվում նրա իրական դեմքը:

- Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը իրականում չի ցանկանում, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, եւ ՀՀ իշխանությունների ամբողջ հույսը դրել են հենց Թուրքիայի` այսպես կոչված` խաղեր տալու վրա:

- Սերժ Սարգսյանն այնքան հնարավորություններ ուներ դուրս գալու այդ գործընթացից` սկսած հենց ապրիլի 5-ի Էրդողանի այն հայտարարությունից հետ, երբ նա ասած, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են ԼՂ հիմնախնդրով, սակայն Սերժ Սարգսյանը դա չարեց: Հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ընթացքում տեղի ունեցած քաշքշուկները նույնպես բավարար պատճառ էր գործընթացից դուրս գալու համար, որը Սերժ Սարգսյանը չարեց:

- Այսինքն, Դուք հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է երկու երկրների խորհրդարանները վավերացնեն արձանագրությունները:

- Այո, ցանկանում է:

- Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այսօրվա այն հայտարարությունը, թե նա հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին` նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն:

- Չեմ կարող ասել:Նրանից ճշտեք: Եթե նա ցանկանում է գործընթացից դուրս գալ, դա պետք է անել շատ արագ:

- Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Ի՞նչ հնարավորություններ նկատի ունի:

- Չեմ կարող ասել, դա նրանից պետք է ճշտել:

- Հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանն ուղարկել է ՍԴ, եւ հունվարի 12-ին ՍԴ-ն պետք է որոշում կայացնի: ՍԴ-ի որոշումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայ-թուրքական գործընթացի վրա:

- Եթե ՍԴ-ն գտնի, որ բանակցություններում Հայաստանի ստանձնած պարտավորությունները հակասահմանադրական են, ապա արձանագրությունների վավերացման գործընթացը այդտեղից կանգ կառնի:

- Երբ ոչ իշխանության մաս չկազմող ուժերը, այդ թվում ՀՅԴ-ն հայտարարում էր, որ ստորագրված արձանագրություններում ԼՂ հիմնախնդիրը որպես նախապայման է ընդունված, Սերժ Սարգսյանը դա հերքում էր: Այսօր նա կարծես թե արձանագրություններում նկատել է ԼՂ-ն եւ ասել. «Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»: Սա ի՞նչ է նշանակում:

- Կարծում եմ, որ ոչ թե նոր տեսավ, այլ նոր նպատակահարմար գտավ այդ մասին ասել: Մենք քաղաքական դիվիդենտներ շահելու խնդիր չունենք եւ ասել ենք այն, ինչ իրականում կա: Խնդիրը երկիրը հետ պահելն է: Դրա համար մենք իշխանություններին հորդորում էինք չտեսնելու չտալ եւ քայլեր չիրականացնել այդ հարցում: Օրինակ, ԱՄՆ-ում Էրդողանի հայտարարություններում Սերժ Սարգսյանի խոսնակը դրական բաներ տեսավ, իսկ 2 օր հետո Սերժ Սարգսյանը նոր հայտարարություններ արեց: Մենք պետք է արագ արձագանքենք եւ հստակ, եւ ոչ թե մտածենք, թե գերտերություններն ինչ կասեն մեր մասին: Մենք պետք է հաշվի առնենք նրանց տեսակետները, սակայն չառաջնորդվենք նրանց տեսակետներով:

- Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, թե ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել: Սա ինչպե՞ս հասկանալ:

- Չգիտեմ, կարող է մտածում է,որ սա այն խաղը չէ, որ մենք Թուրքիայից առաջ վավերացնենք արձանագրությունները կամ կարող է մտածում, որ ՀՀ-ում եւ Թուրքիայում կարող են այլ քաղաքական իրադարձություններ լինել, օրինակ` Թուրքիայում քրդերի հարցով սկսել են իրար վրա կրակել: Անկախ ամեն ինչից` մենք պետք է արագ դուրս գանք այդ գործընթացից, դա է պահանջում մեր ազգային շահը: Աշխարհի համար պարզ են Թուրքիայի նպատակներն ու դրան ուղղված քայլերը:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը: