Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱԺ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Քաղաքականություն

«ԵԽԽՎ բյուրոյի նիստում քննարկվել է Հայաստանում անցկացված վերջին երկու ընտրությունների հարցը եւ որոշվել է այդ հարցը ներկայացնել միայն բյուրոյի գործունեության շրջանակներում։ Այսինքն՝ վեhաժողովն առանձին չի անդրադառնա մեր ընտրություններին»,- այսօր Մամուլի Ազգային ակումբում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։

Ըստ նրա Եվրախորհրդի հետ մեր հիմնական խնդիրը մահապատիժն է։ Պրն Թորոսյանը նշեց, որ տեղի է ունեցել մահապատժի վերացման վերջնական ժամկետի փոփոխություն։ «Հունիս ամսից այդ ժամկետը տեղափոխվել է տարեվերջ»,- ասաց Տիգրան Թորոսյանը։

Վերջինս, ի դեպ, այսօր խուսափեց անդրադառնալ վերջին օրերին ԱԺ նախագահի թեկնածուների շուրջ պտտվող լուրերը մեկնաբանելուց։ Լրագրողները փորձեցին տեղեկանալ, թե ԱԺ նախագահի անձի շուրջ պայմանավորվածություն կա՞ «վերեւներում»։ Ի վերջո, հանրապետականների համար ո՞վ է գերադասելի՝ «Օրինաց երկրից» Արթուր Բաղդասարյանը, թե «Դաշնակցության» ցուցակից Արտաշես Թումանյանը։
Պրն Թորոսյանը պատասխանեց. «Մենք քննարկում չենք արել այն մասին, որ Թումանյանի թեկնածությունը մեր համար ավելի գերադասելի է, քան Բաղդասարյանինը։ Ծիծաղելի է երբ ինչ-որ մարդիկ իրենց անունները դնում են շրջանառության մեջ»։

Պրն Թորոսյանը չմանրամասնեց, թե թվարկված անուններից ում նկատի ունի։ «Ես նախընտրում են անունների ու տարբերակների մասին չխոսել»,- նշեց նա։ Այն հարցին, թե այդ դեպքում «ինչպես եք վերաբերում Արթուր Բաղդասարյանի կամ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու փաստին», պրն Թորոսյանն ասաց. «Ես կուզեի իմանալ, թե ինչու այդ երկուսին առանձնացրիք»։

Նա տեղեկացրեց, որ թեկնածությունների հետ կապված բանակցություններին չի մասնակցել։ «Ինձ համար անձերը կարեւոր չեն, կարեւորը սկզբունքներն են»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Իսկ պրն Թորոսյանի կարծիքով ո՞րն է ԱԺ նախագահ լինելու հիմնական սկզբունքը։ Այս հարցը պրն Թորոսյանը թողեց անպատասխան։

Լրագրողներն ապարդյուն տվեցին հերթական հարցը. «Հստակեցվա՞ծ է այն քաղաքական ուժը, որը լինելու է ԱԺ նախագահի պաշտոնում»։
«Նախ պետք է սկզբունքները ճշտել»,- թեման ավարտեց պրն Թորոսյանը։