Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ

Քաղաքականություն

«Արդարություն» դաշինքը կգնա խորհրդարան եւ օրինական իշխանությունների ձեւավորման համար պայքարը կշարունակի ԱԺ-ում: Սակայն բոյկոտը, որպես այդպիսին, չեն բացառում դաշինքի անդամները: Նրանք կարող են խորհրդարանում բոյկոտել որեւէ հարցի քննարկում, քվեարկություն կամ նիստ, կարող է նույնիսկ պահ լինել, երբ մանդատները վայր դնելու անհրաժեշտություն առաջանա:

«Դաշինքը քննարկեց բոյկոտի տարբերակը, այսինքն ընդհանրապես մերժել այսպիսի ընտրություններով ձեւավորված ԱԺ-ը, հրաժարվել մանդատներից եւ չմասնակցել ԱԺ աշխատանքներին: Այս տարբերակը համարվեց ռիսկային, չնայած «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ սա արժանապատիվ տարբերակ է, բայց հետագա քայլերի առումով մենք մեր գործընկերներին չկարողացանք համոզել կամ ծրագրեր առաջարկել` «լավ, հետո՞ ինչ ենք անելու»: Արդյունքում ընդունվել է որոշում վերցնել մանդատները», - հայտարարեց Ալբերտ Բազեյանը:

Նա նկատեց, որ այսօր էլ մանդատ չվերցնելու իր ցանկությունը չի փոխվել, պարզապես եթե ինքը գնար այդ քայլին, նրան կհետեւեր նաեւ Արամ Սարգսյանը, իսկ այդ քայլը կդիտվեր որպես դաշինքը պառակտելու փարձ:

Ի դեպ, «Արդարություն» դաշինքը գտնում է, որ չարժե մասնակցել կանոնակարգային նիստերին, որոնցում ընդամենը ընտրվելու է ԱԺ ղեկավարություն եւ քննարկվելու է կառավարության ծրագիրը:

«Արդարություն» դաշինքի անդամները եւս մեկ անգամ հիշեցրին, որ իրենց մուտքը ԱԺ չի նշանակում, թե համակերպվել կամ ընդունել են խորհրդարանի ընտրությունների արդյունքները: «Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան`համամասնական կարգով ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Ստեղծված է խումբ, որը աշխատում է փաստաթղթերի վրա: Խմբում է նաեւ Վիկտոր Դալլաքյանը»,- տեղեկացրեց «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ստեփան Զաքարյանը:

Իսկ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ իրենք հույսեր չեն կապում ՍԴ-ի հետ եւ ընտրություններն անվավեր ճանաչելու հավանականությունը մոտ է զրոյին: «Այդ դեպքում ինչո՞ւ դիմել ՍԴ» հարցին Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Սա ճանապարհ է դեպի Եվրոդատարան»:

«Արդարություն» դաշինքը կդիմի Եվրոդատարան` վիճարկելու ոչ միայն խորհրդարանի, այլեւ նախագահի ընտրությունները:

«Արդարություն» դաշինքը խորհրդարանում պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կընդունի դաշինքի սկբունքները: Իսկ դաշինքի առաջին անելիքը լինելու է հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ անելը: