Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆ+ԴԵՄԻՐՃՅԱՆ+ԳԵՂԱՄՅԱՆ=ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԱՐՄԻՆ

Քաղաքականություն

ՀՀ նախագահի կողմից հանրաքվեի դրված սահմանադրության նախագծի մերժումը գործող նախագահի հանդեպ ՀՀ քաղաքացիների դրսեւորած անվստահության արտահայտություններից ամենապերճախոսն է, ինչը նախագահին պիտի մղի իր զբաղեցրած պաշտոնը որեւէ այլ հեղինակավոր մարմնով փոխարինելու գործողությունների:

Սա մեջբերում է «Ազգային միասնություն ուխտ» հասարակական քաղաքական կազմակերպության հայտարարությունից: Այն հասարակությանը ներկայացնելու, եւ ըստ իս բացատրելու համար հայտարարության որոշ հատվածներ, կազմակերպության ներկայացուցիչ Ռաֆայել Համբարձումյանը մամլո ասուլիս էր հրավիրել:

Նա բացատրեց բոլորին հետաքրքրող «հեղինակավոր մարմին» արտահայտության նշանակությունը: Պարզվում է, որ դա ոչ ավել, ոչ պակաս երեք նախագահացուների, այսինքն Քոչարյան, Դեմիրճյան եւ Գեղամյան միասնության արդյունքում ստեղծվելիք ազգային խորհուրդն է, որի մասին երազում է պրն Համբարձումյանը:

Ի դեպ, նա բավականին մեծ դժվարությամբ արտասանեց ոչ լեգիտիմ արտահայտությունը, անմիջապես ավելացնելով, որ իրենց կազմակերպությունն ի տարբերություն այլ քաղաքական կուսակցությունների ժողովրդին չի հրահրում հանրահավաքների, կոչ չի անում հեղափոխության, չի պահանջում նախագահի հրաժարականը, այլ ընդհամենը կառուցողական առաջարկ է անում, որն է ազգային խորհրդի ստեղծումը:

Լրագրողների մոտ ցանկություն առաջացավ հարցը լրջացնել, մեջբերելով Սահմանադրությունը, որում նման կարգի ինքնագործունեություն չի նախատեսվում: Պարզվեց, որ դա բոլորովին էլ լուրջ փաստարկ չէ, կարեւորն այն է, որ պրն Քոչարյանը իր «ոճրատոհմերի» (կլան) հետ չղեկավարի մեր երկիրը:
«Հիմա լրագրողներդ չեք հասկանա այդ բանը», հեղինակավոր տոնով նկատեց պրն Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է կլաններին, կամ կազմակերպության հայտնաբերած հայերեն հոմանիշին` ոճրատոհմերին, ի դեպ որոնց կանկրետ անունները այդպես էլ չհստակեցվեց, ապա այդպիսիք ԱԺ- են «սողոսկել» ամենատարբեր մեքենայությունների եւ ընտրակաշառքների միջոցով:

«Անիրազեկ տարրերի խառնաժողով» ձեւավորելուն մեծապես նպաստել է հանրապետության նախագահը` վավերացնելով ՀՀ ընտրական «արատավոր» օրենքը:

Ռաֆայել Համբարձումյանը «հեղինակազրկված եւ վարկաբեկված» է համարում առավել մեծ քվե ստացած կուսակցությանը, սակայն այն հարցին, թե ինչ փաստեր ունի այդպես անվանելու, այդպես էլ չասվեց: Եվ այսպես քննադատելով, փնովելով վաղուց ասված համընդհանուր կարծիքները կրկնելով, պրն Համբարձումյանը «չխնայեց» ոչ դիմադիրներին, ոչ ընդդիմադիրներին, կառավարությանը, նաեւ ապագա կառավարությանը եւ վերջապես նախագահին:

Վերջում հանդիսավոր կարդաց հայտարարության վերջին հատվածը` «նախագահը պետք է որեւէ հեղինակավոր ու համընդունելի անհատականության գլխավորությամբ եւ նախագահական ընտրությունների առաջին փուլում երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրած անձանց մասնակցությամբ կազմի ազգային խորհուրդ, իր լիազորությունները փոխանցի այդ մարմնին, որը եւ բարեփոխված ընտրական օրենքով անցկացնի խորհրդարանական նոր ընտրություններ»:

Ինչպես ասում են, այստեղ ավելորդ են նաեւ խոսքերը: