Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱԴՈՅԱՆՆ ԱՐՏՈՆՅԱԼ Է ԴԱՇԻՆՔՈՒՄ

Քաղաքականություն

Արշակ Սադոյանն Ազգային Ժողովի վերջին ընտրություններում տեսավ բոլորովին նոր երեւույթ` իշխանություններն օրենսդիր մարմինը վաճառեցին օլիգարխներին:

Պարոն Սադոյանը հայտարարեց, որ այդ պահից «մենք ունենք այլանդակ եւ ոչ լեգիտիմ իշխանության 3 մարմին»: Մինչեւ հիմա Սադոյանին հայտնի էր, որ իշխանությունները իրենց գրպանները լցնելու համար օտարում են հանրային ունեցվածքը:

Այսօրվա ասուլիսում նա ԿԸՀ-ին մեղադրեց «պետության պառլամենտը» վաճառքի հանելու մեջ: Իբրեւ առաջին գնորդ, պարոն Սադոյանը մատնանշեց ՄԱԿ-ին:
Երկրորդ գնորդն, ըստ նրա, Օրինաց երկիրն է. «5-6 ավտոբուսներով Հայաստանի տարբեր մարզերից 300-400 երեխա են բերում Էջմիածին կնքելու, ոսկե խաչերով ոսկե շղթաներ են նվիրում: Էլ չեմ ասում էն 20 հազար մայկաների մասին, ավտոբուսներով մարդկանց բերում էին ստադիոն համերգ նայելու»:

Պարոն Սադոյանն առաջարկում է հետաքննություն իրականացնել վերլուծության համար բավարար հետեւյալ ռեսուրսով. «Մեր երկրում ոչ մի մեծահարուստ պառլամենտ մտնելու համար իր սեփական գրպանից գումար չի ծախսի, նա կծախսի ուրիշի գումարները, ՀՌԱԿ-ը դա չկարողացավ արդյունավետ ծախսել, Օրինաց երկիրն ու ՄԱԿ-ը կարողացան, նրանք ծախսեցին արտասահմանյան կազմակերպությունների գումարները»:

Հիմա ԱԺԴ նախագահը ԿԸՀ-ին առաջարկում է ստեղծել վերահսկիչ վերստուգիչ հանձնաժողով: Վերջինս պետք է ուսումնասիրի, թե ինչ միջոցներով էին գյուղացիներին պարարտանյութը նվիրում, թե «ո՞նց եղավ, որ որոշ կուսակցություններ իբրեւ ավանս 2 հազար դրամ էին բաժանում ընտրողին, իսկ 5 հազարից մինչեւ 7 հազար դրամ էլ տալիս էին տեղամասից դուրս գալուց հետո»: