Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԱԳՐԵՍԻԱ»

Քաղաքականություն

Այսօր եռօրյա այցով Երեւան ժամանեց Հարավային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեվի գլխավորած պատվիրակությունը: Ի թիվս այլ հանդիպումների, Կազանցեվը այցելեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան:

Այստեղ նա հանդիպեց զորամասի հրամանատարի, զինվորների հետ, եղավ զորանոցներում եւ հայտարարեց, որ ինքը չէր կասկածում, որ զորամասում տեսնելու է կարգ ու կանոն: Վիկտոր Կազանցեվը հայտարարեց, որ զգում է Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը, հոգատարությունը:

Հայ-ռուսական հարաբերությունները Կազանցեվը որակեց որպես ամենասերտ ու ամենաջերմ: Նա հատկապես կար—որեց տեղաբնակների ու իշխանությունների վերաբերմունքը ռուս զինծառայողների հանդեպ: «Դա հնուց է գալիս եւ համոզված եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- ասում է Հարավային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը:

Ի դեպ, նա համոզված է, որ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը չի խախտվի, կապված Վրաստանից ռուսական ռազմակայանների տեղաշարժման հետ: «Մի վախեցեք, ռազմական հավասարկշռությունը կլինի բավարար, որպեսզի հանգստացնենք ցանկացած ագրեսորի եւ ցանկացած մեկին, ով փորձի խախտել առաջին հերթին ԱՊՀ երկրների սահմանները եւ իհարկե Ռուսաստանի: Իսկ Հայաստանի շահերին դիպչելը նշանակում է դիպչել Ռուսաստանի շահերին»:
Վիկտոր Կազանցեվը վստահեցրեց, որ տարածաշրջանում խիստ վերահսկվում է իրավիճակը, իսկ ուժերը բավարար են, որպեսզի լուծվի ցանկացած խնդիր:

Կազանցեվը նկատեց, որ մենք անընդհատ օրինակ ենք բերում եվրոպացիներին, իսկ նրանք շատ պետք է «ձգվեն», որ ունենան ռուսական ռազմական պատրաստվածությունը. «Մեզ որպես օրինակ ցույց կտան լավ հագնված եվրոպացի զինվորի, բայց մենք հո գիտենք նրանց ու մեր մարտական ոգին»:

Մեզ հետ զրույցից հետո Կազանցեվը հանդիպեց զինծառայողների հետ, որոնց մարտական ոգին բարձր պահելու համար խոսեց տարբեր թեմաներից: Հատկապես անդրադարձավ Չեչնիայում, Աֆղանստանում ռուս զինվորների խիզախությանը: