Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոհ է. «Պոնչիկ չարեցին»

Հարցազրույց

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Մյունխենյան հանդիպումից

Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը գոհ է, իր իսկ բառերով' շատ գոհ է: Իսկ թե ինչո՞ւ. Միքայել Հայրապետյանը հայտնեց «Ա1+»-ի հետ հարցազրույցում:

-Ես շատ գոհ եմ Մյունխենյան հանդիպումից,ուրախ եմ, որովհետեւ գոնե այս հանդիպման ընթացքում(ինչպես Ցյուրիխում' հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ) մեր պետության ղեկավարներից որեւէ մեկի դեմքին պոնչիկներ կամ այլ բաներ չարեցին: Դա արդեն իսկ մեծ նվաճում էր, որի համար իսկապես լավ եմ զգում:

- Միգուցե արե՞լ են, սակայն չի տեսագրվել:

- Չեմ կարծում, եթե արած լինեին, մի տեղից ինֆորմացիայի արտահոսք կլիներ:

- Այսինքն «պոնչիկ» չանելը արդեն կարելի է առաջընթաց գնահատել ԼՂ բանակցային գործընթացում:

- Ընդհանրապես ՀՀ իշխանություններից անլուրջ է որեւէ ակնկալիք ունենալը: Նրանք դրածոներ են, իսկ ՀՀ-ն պարզապես վասալական տարածք է եւ ինքնուրույն քաղաքականություն նրանցից ակնկալել պետք չէ: Մյունխենում եղավ այն, ինչ հանձնարարվեց ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, եւ առաջիկայում կլինի այն, ինչ նորից կպայմանավորվեն, իսկ կպայմանավորի Ադրբեջանը, որը ինչ-որ չափով սուբյեկտ դեռ է, կպայմանավորի Թուրքիան, իսկ մենք  օբյեկտ ենք:

- Իսկ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կարո՞ղ է բացվել այդ պայմանավորվածությունների արդյունքում:    

- Առաջիկայում կասկածում եմ, որ կբացվի: Հայ-թուրքական հարցով լուծելու են ԼՂ հիմնախնդիրը'  ճնշումներ են գործադրելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա:   

- Այսօր քաղաքական դաշտը պասիվ չի՞:

- Կարծում եմ, դեպքերն ընթանում են շատ բնականոն հունով: Յուրաքանչյուր քաղաքական ուժ անում է իր շահերից բխող քայլեր: Հայաստանում չկա քաղաքական դաշտ, գոյություն չունի երկբեւեռ դասական տարբերակը, ուստի դասական իրավիճակ, դասական լուծումներ  ակնկալել պետք չի, միամիտ կլինի: Մենք ավելի շատ կանխատեսում եմ դրսի ներգործություն Հայաստանի վրա, եւ Աստված մեզ ազատի ամենավատթար տարբերակից' հայ-ադրբեջանական պատերազմից մեզ ազատի:

- Դուք այդ նախանշանները տեսնո՞ւմ եք:

- Ամենամեծ վտանգը սպասվում է հայ-ադրբեջանական ճակատում, որովհետեւ Ռուսաստանը հերթական անգամ, ինչպես դարերի ընթացքում, Հարավային Կովկասում իր սեւ գործն է անում: Հեռու չէ այն ժամանակը, երբ Ռուսաստանը հերթական անգամ զոհասեղանին կբարձրացնի Հայաստանը' Հարավային Կովկասի Ադրբեջանական հատվածում, Իրանի հատվածում իր ներկայությունն ապահովելու համար:

- Ձեզ համար այսօր ամենակարեւոր խնդիրը ո՞րն է:

- Ինձ համար, իմ կուսակցության համար այսօր ամենակարեւոր եւ առաջնային խնդիրը բանտում արգելափակված տղաների ազատագրումն է:

- Տեսակետ կա, որ Հայ ազգային կոնգրեսը այսօր պասիվ է: Ձեր կարծիքով այսօր հասարակությունը սպասո՞ւմ է Կոնգրեսի հանրահավաքներին:

- Հայաստանի ապագայի համար այսօր հանրահավաք անելու անհրաժեշտություն չկա: Այժմ չարչարանաց ուրբաթային գիշերն է, երբ ասպարեզում սատանան է, եւ դու ամեն օր այդ սատանաներին տեսնում եք հեռուստատեսությամբ' իրար բոստանը քար նետելուց:

Հարցազրույցը' Վիկտորյա Աբրահամյանի