• Կրթական ջերմո՞ց

                Տաղանդավոր երեխաներին կրթական ավելի մեծ հնարավորություններ ընձեռելու համար Երեւանում նախատեսվում է կառուցել ապագայի նոր մոդելի դպրոց: Այս մասին այսօր հայկական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ հայտարարեցին նոր դպրոցի ծրագրի ղեկավարները:

                Ծրագիրը կազմակերպում է «Այբ» կրթական հիմնադրամը եւ այն կոչվում է «Այբ» կրթական հանգույց, որը պետք է հանդիսանա հայկական ապագայի դպրոցի նախատիպը: Հիմնադրամի ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանն ամփոփ ներկայացրեց ապագայի դպրոցի մոդելը: Այն իր մեջ ներառելու է եկեղեցի, թատրոն, այգի, բնակելի թաղամաս եւ այլն: «Այբ» համալիրը, նրա վստահեցմամբ’ դառնալու է գիտելիքի յուրացման կենտրոն, որտեղ սովորելու են լավագույն երեխաները:

    Այս երեխաները, ինչպես նշեց տեր Մեսրոպը’ դպրոց կընդունվեն միմիայն քննությամբ’ ստուգելով նրանց ընդունակությունները: Երեխաներին կընտրեն թե հանրակրթական դպրոցներից, թե մարզերից, թե մանկատներից: Լավագույն շրջանավարտներն էլ հնարավորություն կունենան սովորել ոչ միայն հայկական, այլեւ արտերկրի լավագույն բուհերում: Ի դեպ, մարզերի եւ մանկատների երեխաները պետք է ապրեն դպրոցի հանրակացարաններում:

     Հանդիպմանը մասնակից «Հետք» ինտերնետային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր խոսքում բարձրացրեց մարզերից ընդունվող երեխաների հարցը: Նրա, ինչպես նաեւ քննարկման շատ այլ մասնակիցների կարծիքով, դա կնշանակի եւս մեկ անգամ կղզիացնել մարզը մայրաքաղաքից: Թերթի խմբագիրն առաջարկեց ոչ թե եւս մեկ անգամ ուժեղացնել Երեւանը, այլ մարզում պահելով տաղանդավոր երեխաներին’ ուժեղացնել հենց տեղական դպրոցներն ու մասնագետներին: Ի դեպ, «Այբ» կրթական ծրագրով նախատեսվում է ապագայի դպրոցում ներառել նաեւ հանրապետության, այդ թվում’ մարզային դպրոցների լավագույն ուսուցիչներին եւ ծրագրի շրջանակներում վերապատրաստել նրանց: «Այբ» կրթական ակումբի ղեկավար Աշոտ Ասլանյանն, անդրադառնալով կղզիացման վտանգին, նշեց. « Ինչու ոչ’ պետք է լինեն նաեւ, այսպես կոչված’ կրթական ջերմոցներ, որոնք կբավարարեն տարբեր պահանջմունքների տեր երեխաների: Թող այս դպրոցն էլ լինի զուտ տաղանդավոր երեխաների համար նախատեսված»:  

    Ի դեպ, դպրոցը կկառուցվի Քանաքեռում, որի համար հատկացվել է 6,5 հա տարածք, թեեւ կրթական ամբողջ ծրագրի իրականացմանը նպատակահարմար կլիներ 11,5 հա-ն: Այս տարածքը պետության կողմից անհատույց է հատկացվել: Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորմանը, ապա  այն կկազմի 47 մլն ԱՄՆ դոլար, որում պետության մասնակցությունը կլինի 10 տոկոս, մնացած մասը կտան կրթական ակումբի բարերարները: Քանի որ ճգնաժամը նաեւ կրթական այս ծրագրի վրա է ազդել, որոշվել է ծրագիրն իրականացնել 3 փուլով, որի 1-ին փուլում դեռ կկառուցվի միայն ավագ դպրոցը:

  •