Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-Ն ՀԱՇՏՎՈՒՄ Է ԻՐ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՀԵՏ

Քաղաքականություն

«Մայիսի 25-ի քվեարկությունը հնարավոր չէ գնահատել լիարժեքորեն ազատ, արդար եւ թափանցիկ»,- այսօր այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ Գերագույն Մարմինը:

Դաշնակցությունը ոչ մի կասկած չունի, որ «ընտրական գործընթացի վրա էապես ազդող գործոն դարձան համատարած ու բացահայտ ընտրակաշառքները քաղաքական ուժերի եւ թեկնածուների կողմից»:

Միայն հիմա է պարզ դառնում, որ «քվեների բացահայտ առքուվաճառքը երկրում քաղաքական անբարոյականության վտանգավոր հիմք ստեղծեց»: ԳՄ-ն գերազանց գիտի այդ անբարոյականության հեղինակին. «Իշխող կուսակցությունը պետության վարչական լծակներն անմնացորդ օգտագործեց իր ձայներն արհեստականորեն ավելացնելու, ինչպես նաեւ իր կողմից հովանավորյալ այլ քաղաքական ուժերին եւ մեծամասնական թեկնածուներին աջակցելու նպատակով»:

Հայտարարությունից պարզ է դառնում, որ հանրապետականներից ավելի «բարձրագույն իշխանություն» կա այս երկրում, որի «գործադրած փորձերը բավարար չեղան կանխելու քաղաքական ու ոչ քաղաքական որոշ ուժերի, գործադիր, տարածքային, տեղական կառավարման մարմինների կազմակերպած եւ իրականացրած կեղծիքները»:

Դաշնակցությունն արձանագրել է, որ իշխող կուսակցության ձայների քանակն «արհեստականորեն ուռճացված է», իսկ նորընտիր ԱԺ-ն լիարժեք չի արտահայտում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը:

Եզրակացությունը գերազանցում է բոլոր սպասելիքները. «ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունները համարում է կայացած»: Ավելին, ՀՅԴ-ն հաջողություն է մաղթում մեծամասնություն կազմող ուժին:

Այդ դեպքում ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ապագա կոալիցիոն կառավարությանը, որը ձեւավորելու պատիվը տրված է հանրապետականներին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը տեղեկացրեց, որ իրենց կոալիցիոն կառավարությանը մաս կազմելու առաջարկություն արվել է. «Մենք քննում ենք»:

Որոշում ընդունելու համար ՀՅԴ-ին անհրաժեշտ է պարզել
1)ի՞նչ կոալիցիայի մասին է խոսքը,
2)ինչպե՞ս պետք է լինի քաղաքական պատասխանատվության հարցը:
Այնուամենայիվ, կոալիցիային մաս կազմելու մեկ նախապայման պետք է բավարարվի. «Կոալիցիայի ծրագիրը պիտի բխի ՀՀ նախագահի նախընտրական ծրագրից»:

ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում հանրապետականների այն արտահայտությանը, որ ՀՀԿ-ն ուժային նախարարությունները ոչ մեկին չի զիջի: Պարոն Վարդանյանը ուժային նախարարությունները համարում է ապաքաղաքական, ըստ այդմ, «տարօրինակ է, որ հանրապետականներն այդպիսի բան են ասում:
«Նրանք խոսում են նաեւ վարչապետի պաշտոնից, բայց գործող Սահմանադրությամբ վարչապետին նշանակում է ՀՀ նախագահը»,- պարզաբանեց Աղվան Վարդանյանը:

Իսկ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն բավարարվի նախարարական մի քանի պորտֆելով կամ ԱԺ մեկ-երկու հանձնաժողով ղեկավարելով: «Խոսք չի կարող գնալ այս կամ այն պաշտոնի մասին, խոսք կարող է գնալ սկզբունքների եւ արժեքների մասին»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Վերջինս այսօր տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում են դիմել ՍԴ 30, 50, 56 ընտրատարածքներում ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով: Պարոն Վարդանյանը նշեց, որ ընտրատարածքների ցանկը վերջնական չէ:

Ի դեպ, ՀՅԴ-ն «բարձրագույն իշխանությունից» մի քանի պահանջ ունի`
1)յուրաքանչյուր ընտրախախտման հետեւում կանգնած են մարդիկ, եւ «մենք պահանջում ենք, որ նրանք օրենքով պատասխանատվության ենթարկվեն»,
2)արմատական բարեփոխումների կարիք ունի ընտրական օրենսգիրքը:

ՀՅԴ-ն այս ընտրությունների ընթացքում համոզվեց, որ «համամասնական ընտրակարգին այլընտրանք չկա»: