Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-Ն ՓՈՇԻԱՑՐԵՑ ՀԺԱՄ-Ի ՀՈՒՅՍԵՐԸ

Քաղաքականություն

ՀԺԱՄ-ն այդպես էլ չմտավ Ազգային Ժողով: Այսօր ժամը 19-ին ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրությամբ ԱԺ մտած կուսակցություններն են` ՀՀԿ-ն` 23 մանդատ, «Արդարություն» դաշինքը` 14 մանդատ, Օրինաց երկիրը` 12 մանդատ, ՀՅԴ-ն` 11 մանդատ, Ազգային Միաբանությունը` 9 մանդատ եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը` 6 մանդատ:

ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն մինչեւ այսօր ստացել է 59 դիմում-բողոք, որոնցից 15-ը վերաբերվում է համամասնական ընտրակարգով ընտրություններին ժամանակ գրանցված խախտումներին, 36-ը` մեծամասնականին, 2-ը` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, իսկ եւս 6-ը ընդհանուր բնույթի դիմում-բողոքներ են: Ըստ պարոն Աբրահամյանի, համամասնական ընտրակարգի խախտումների վերաբերյալ դիմումների հեղինակները պահանջել են բացել 81 ընտրատեղամաս: ԿԸՀ-ի տվյալներով ստուգվել է 61-ը: Մեծամասնականի մասով պահանջվել է բացել 107 տեղամաս, սակայն ստուգվել է 93-ը:

«Ընդհանուր առմամբ 188 տեղամաս բացելու պահանջ է եղել, սակայն բացվել է 154-ը»,- ասաց ԿԸՀ փոխնախագահը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ ՏԸՀ-ների ձեւավորման կարգի վերաբերյալ ոչ մի դիմում-բողոք ԿԸՀ-ն չի ստացել: «Ստացել ենք դիմում-բողոք «Արդարություն» դաշինքից, որով պահանջում են անվավեր ճանաչել համամասնականի արդյունքները: Դիմում-բողոքի փաստերը կրում են դեկլարատիվ բնույթ եւ դրանց ստուգումը ԿԸՀ-ն ի վիճակի չէ անելու»,- հայտարարեց Համլետ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ ԱԺ ընտրությունների ընթացքում եղել են թերություններ եւ բացթողումներ, որոնք «էապես չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»:

ԿԸՀ-ում դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ դաշինքի դիմում-բողոքում նշված խախտումները չէին կարող կրել դեկլարատիվ բնույթ, քանի որ դրանք նշված են ժամով ու րոպեով:

ԿԸՀ-ն հրապարակեց նաեւ մեծամասնական ընտրակարգով 53 ընտրատարածքներից ԱԺ պատգամավոր ընտրվածների ցանկը: ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը տեղեկացրեց, որ ընտրություններն անվավեր են ճանաչվել երեք ընտրատարածքներում` 12, 29 եւ 41:

Հիշեցնենք, որ 12-ում պատգամավոր էր ընտրվել ՀՅԴ հովանավորյալ Վերսանդ Հակոբյանը: Նրա ընտրությունը վիճարկել է ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), 29 ընտրատարածքում պատգամավոր էր ընտրվել Օրինաց երկրի անդամ Մեխակ Մխիթարյանը, իսկ 41-ում` «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: