Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը կրկնօրինակո՞ւմ է Արամ Սարգսյանին (տեսանյութ)

Հարցազրույց

Էդվարդ Նալբանդյանի եւ Սերժ Սարգսյանի պահվածքը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խղճահարությունն են առաջացնում: Արամ Սարգսյանի եւ «Ա1+»-ի այսօրվա զրույցի հիմնական թեման հայ-թուրքական հարաբերությունն էին եւ հնարավոր զարգացումները:

-         Հարյուր  տարի փակ սահմաններով ապրելու կողմնակից մենք չենք եղել: Դրա կողմնակիցը եղել է Ռոբերտ Քոչարյանն ու նրա կոալիցիան' Սերժ Սարգսյանով, Գագիկ Ծառուկյանով, Արթուր Բաղդասարյանով, Հրանտ Մարգարյանով ու Վահան Հովհաննիսյանով: Այսօր նրանք իրենց տեսակետները փոխել են, համենայն դեպս նրանցից ոմանք, թող փորձեն: Իհարկե, սխալներ անում են, թող խորհրդակցեն:Ես երբեք կողմնակից չեմ եղել փակ սահմաններով ապրելուն:

-         Դուք ասում եք թող փորձեն: Իսկ եթե  անդառնալի սխալներ անե՞ն' նույն ԼՂ հիմնախնդրում, Հայոց ցեղասպանության հարցում:

-         Այս իշխանությունները անդառնալի սխալների ունակություն  էլ չունեն: Ի սկզբանե, այս իշխանությունները փորձեցին ստով սկսել, անընդհատ խաբել բոլորին, ինչն անհնարին է: Հայ-թուրքական սահմանի բացումը, ԼՂ հիմնահարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը միմյանց փոխկապակցված են: Ով պնդում է, որ այդ հարցերը միմյանց հետ կապ չունեն, առնվազն ստում է: Ճիշտ կլիներ, որ այդ հարցերի փոխկապակցվածության մասին խոսեին եւ ասեին, որ այն փուլ առ փուլ իրականացվող գործընթաց է, որ հաջորդ գործընթացը' ԼՂ հիմնախնդիրն է, որը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումներով: Թող ասեն, թե իրենք ինչ փոխզիջումների են պատրաստ, այդ ամենը պետք է ներկայացնեն, սակայն այսօր նրանք այդ ամենը թաքցնում են եւ լռում են:

-         Այսօր մեր հասարակությունը ավելի շատ սկսել է խոսել ոչ թե հայ-թուրքական  արձանագրությունների, այլեւ դրանք ստորագրելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանի եւ Թուրքիայում ֆուտբոլային խաղի ընթացքում Սերժ Սարգսյանի պահվածքի մասին: Նրանց պահվածք ձեզ վրա էլ է ազդեցություն թողե՞լ:

-          Ես Սերժ Սարգսյանին վաղուց եմ ճանաչում եւ գիտեմ, թե նրա ծիծաղը երբ է անկեղծ եւ երբ' ոչ: Սերժ Սարգսյանը անելանելի վիճակում էր, եւ դրա համար էր ծիծաղում: Նա նույնիսկ սկսել է իմ' շարքային քաղաքական գործչիս ընդօրինակել' «Իմ սիրելի թիմը», «Աստված օգնի Հայաստանին» եւ այլն: Ինչ վերաբերում է Նալբանդյանին' նա իմ մոտ միայն խղճահարություն առաջացրեց: Տպավորությունն այնպիսին էր, որ նա կապիտուլյացիայի թուղթ էր ստորագրում, որ նա չէր ցանկանում ստորագրել, սակայն նրան ստիպում էին: Ցավում եմ, բայց այս իշխանություններն իրենք են իրենց նման  վիճակի մեջ գցել, կանգնել են փակուղու առաջ: Ամեն ինչ վատ բեմադրված թատրոն է հիշեցնում' սկսած Էրեբունի-Երեւան տոնակատարությունից, Չելենտանոյից, Սերժ Սարգսյանի ծափահարություններից. կեղծ է, կեղծ, իսկ այդ կեղծը ժամանակ եւ վերջ ունի: Այս իշխանության փոփոխության պահը շատ հեռու չէ: Ես վստահեցնում եմ, որ հասարակությունը ոտքի է կանգնելու: Ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում եմ կեղծված ընտրությունների, հոկտեմբերի 27-ի, երկրի կոռումպացված եւ օլիգարխացված լինելու, այս անօրինական դատավարությունների, լրատվական դաշտի եւ ընդհանարապես երկիրը ապականելու համար: Այսքանը բավարար չէ ՞: Հայ-թուրքական հարաբերությունների մասով, ես նորից եմ ասում' կողմ եմ սահմանի բացմանը:

-         Դուք կողմ եք սահմանի բացմանը, սակայն այս տեսքով արձանագրությունները Ձեզ բավարարո ՞ւմ են:

-         Ես համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում գործընթացը շատ ավելի հայանպաստ կլիներ: Ես համոզված եմ, որ ցանկացած օրինական ընտրված նախագահի պարագայում ստորագրված արձանագրությունները այլ կլինեին, հայ-թուրքական սահմանը կբացվեր արժանապատիվ: Մարտի 1-ով իշխանության եկածները այդ կարգի փաստաթղթեր էլ պիտի ստորագրեին' դեմքերի այդ արտահայտությամբ:

-         Ինչո ՞ւ է Կոնգրեսը լռում:

-         Ես ձեզ վստահեցնում եմ, որ դադար ընդհանարապես չկա: Ուղղակի մեր հասարակությունը ակտիվության մի ձեւ գիտի' հանրահավաքներ, բայց դա այդպես չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվության բազմաթիվ ձեւեր եւ դրանց ոգի ու բովանդակություն տալու  հնարավորություն ունի: Ես չէ, որ պետք է ասեմ դրա ժամանակի մասին: Կգա ժամանակը եւ ինքներդ կհամոզվեք:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը