Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրք հասարակությունը շոկի մեջ է»

Քաղաքականություն

«Թուրք հասարակությունը դեռեւս  90-ականներին է ցանկացել երկխոսություն սկսել Հայաստանի հետ, սակայն   չի իմացել թե քաղաքական առումով ինչ քայլերի դիմի»:

Այս մասին այսօր ասաց «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարը,  որը մասնակցում էր  «Սիվիլիթաս» հիմնարդրամի  Հայաստան-Թուրքիա  երկխոսություն  ծրագրի շրջանակում կազմակերպած  «Վերադարձ ապագային» թեմայով քննարկմանը:

Յավուզ Բայդարը նախ ներկայացրեց թե ինչ հանգամանքներում է  ծանոթացել հայկական հարցին, հետո ընդգծեց, որ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը   բխում է երկկողմ շահերից եւ ժամանակն է գնալ բաց երկխոսության: Ըստ նրա, երբ  բարձրացավ Թուրքիայի' ԵՄ անդամակցելու  հարցը,    թուրք հասարակությունը միայն այդ ժամանակ իր համար բացահայտեց իր պատմության մութ էջերը:    

«Սա նման է, որ կանգնես եւ մարդուն ասես' թե իր մայրն անբարոյական է: Պատկերացրեք,   թե նրա մոտ ինչ շոկ կառաջանա: Մոտավորապես նման վիճակում է ներկայում թուրք հասարակությունը, որին   կարծում եմ'   հարկավոր է,  որ  ժամանակ տալ երեւույթը ընկալելու համար»,-ասաց  Յավուզ Բայդարը:

Քննարկման բանախոսներից էր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը նախ ողջունեց նախաստորագրված արձանագրությունները, հետո նշեց, որ  հարցը Թուրքիայում քաղաքական հարթակում է, Հայաստանում'  հասարակական: Այնուհանդերձ բանախոսները մատնանաշեցին, որ երկու երկրների հասարակությունները լիովին տեղյակ չեն արձանագրությունների բուն էությանը: Քննարկմանը մասնակցում էին  մի շարք քաղաքագետներ , ուսանողներ, որոնց  հարցերն ու դիտարկումները ուղղված բանախոսներին բազմաբնույթ էին' սկսած  ցեղասպանության հարցը     իրավական ոլորտում քննարկելուց, մինչեւ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը վերանայելը:

Օսկանյանը զգուշացնում է

«Վերադարձ ապագային» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների համար մեկնաբանությամբ հանդես եկավ նաեւ  «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նա կրկին վերահաստատեց, իր բացասական դիրքորոշումը նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: 

«Այս ձեւաչափով փոստաթուղթը թե ինձ համար, թե հայ ժողովրդի համար  անընդունելի է»,-ասաց նա: Դիտարկմանը,  որ հարցը քննարկվել է դեռեւս  իր' արտգործնախարար եղած ժամանակ, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ իր օրոք     ընթանում էր    հստակ քաղաքականություն, այն է'  հարցը լուծել առանց նախապայմանների:

«Ոչինչ դուրս չեկավ, քանի որ  Թուրքիան էր նախապայմանններ դրել: Իսկ հիմա  այս փաստաթղթերում մենք տեսնում ենք հայերի համար  շատ վտանգավոր կետեր»,-ասաց նա: Նախկին արտգործնախարարի խոսքով, արձանագրություններում կա երկու տեսանելի նախապայման'       սահմանների ճանաչում,  պատմական իրավունքների հրաժարում, եւ մեկ անտեսանելի ու վտանգավոր նախապայման' ԼՂ  հիմնահարց. «Արեւմուտքը համարում է,  որ հայ- թուրքական սահմանը բացելով' հայերին է լավություն անում եւ ակնկալում, որ հայերը լավություն անեն ԼՂ հարցում: Մեր հասարակությունը 70 տոկոսով դեմ է այդ փաստաթղթերին, էլ չեմ խոսում   սփյուռքի մասին»,-ասաց Վարդան Օսկանյանը եւ ՀՀ իշխանություններին կոչ արեց  միասնական լինել:

« Իհարկե, դեռ այդ միասնականության մեխանիզմը չկա, սակայն ինքս էլ    պատրաստ եմ ակտիվ մասնակցել քննարկումներին»,-նշեց նա եւ  առաջարկեց, որ երբ  Սերժ Սարգսյանը վերադառնա շրջագայությունից 'հայտարարի, որ մեր հասարակությունը  դեմ է ստորագրելուն: Ըստ Օսկանյանի,   պետք է    վերաբացել  փաստաթղթերը  եւ հանգիստ պայմաններում առանց ժամկետների քննարկել դրանք: 

«Թուրքերը ստորացնում են հայերին»

Հայ-թուրքական   արձանագրությունների նախաստորագրումը խիստ բացասական է ընկալել  «Մոդուս վիվենդի կենտրոնի» ղեկավար թուրքագետ Արա  Պապյանը:

«Սա նման է   բաց վերքի վրա աղ լցնելուն, քանի որ    թուրքերը այս արձանագրություններով   հասնում են ոչ միայն նրան' ինչին ուզում են,  այլ ցույց են տալիս,  որ հայերին ստորացնելով են հասնում դրան»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: 

Արձանագրությունները,   Պապյանի խոսքով,   ոչ թե   լուծում են առկա խնդիրները  այլ ավելի են  բարդացնում են դրանք,  քանի որ   երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ շատ լուրջ խնդիրներ կան: «Փաստաթղթերից մեկը   վերաբերում է  դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը,   բայց մեջը ամեն ինչ է ներառված'սահմանների վերահաստատում,  բարիդրացիական հարաբերությունները խոչընդոտող քայլեր չձեռնարկում եւ այլն»,-նկատեց Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը: 

Իսկ Արձանագրությունների ստորագրումը, ըստ Արա Պապյանի, անօրինական քայլ է, որը ի վերջո   կկոտրի հայ ժողովրդի ողնաշարը: «Իշխանությունները եւ մասնավորապես նախագահը հանդիսանում են տարածքային ամբողջականության  երաշխավոր: Դե յուրե մենք ունենք տարածքներ, որոնք Հայաստանի տիրապետության տակ չեն: Ստացվում է' մենք հանձնում ենք դրանք  անկախ նրանից, որ 70 տարի առաջ են գրավվել: Մինչդեռ, ստորագրելով այդ փաստաթուղթը, Սարգսյանը խախտում է ՀՀ սահմանադրությունը եւ  միջազգային իրավունքը»,-ասաց Արա Պապյանը: Իսկ դրա հետեւանքը, ըստ նրա, կլինի այն, կհանձնվեն ԼՂ շրջակա 5 տարածքները,  որը կբերի Ղարաբաղի հայաթափմանը եւ կորստին: