Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐ ԵՒ ՓՈՂ՝ ՄՈՏ 70 ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

Տնտեսություն

Մայիսի 15-ի բրիֆինգում գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը ներկայացրեց կառավարության կողմից հաստատված «Գերնորմատիվային ջրապահնջարկ ունեցող համայնքներում միջոցառումների ծրագիրը»:

Ծրագրի համաձայն՝ համայքներին, որտեղ ոռոգման համար նորմատիվայինից բարձր ջրի ծավալներ են գործածվում, կտրվի փոխհատուցում: Խնդիրը հետեւյալն էր, կամ՝ այդ գյուղերը պետք է տարաբնակեցվեին, կամ էլ՝ ջրի ծախսերը պետք է փոխհատուցվեին:

Նշվեց, որ ներկայումս փոխհատուցման մեխանիզմներն են մշակվում: Նախատեսվում է տալ 500 մլ. դրամ փոխհատուցում, որը այս տարի կվճարվի:

Դավիթ Զադոյանը տեղեկացրեց, որ նախապես 15 գյուղերում են ուսումնասիրություններ եւ դիտարկումներ կատարվել, եւ ներկայումս պետական աջակցության ցուցակում ընդգրկված են 70 համայքներ:

Նախարարը չբացառեց, որ դրանցում լինեն կեղծ տվյալներ, քանի որ բացառությամբ վերը նշված 15-ի, մնացածների մասին տեղեկություններ են տրամադրել մարզպետարանները, ու հայտնեց, որ աջակցություն ստանալուց առաջ անպայման իրենք կստուգեն ու կուսումնասիրեն այդ համայնքներում տվյալ պրոբլեմի առկայությունը: Նրա հավաստմամբ՝ ներկայումս շուրջ 30-35 հազար հա հող է մշակվում, որտեղ նորմայից ավել ջուր է գործածվում:

Ծրագրում ընդգկված չեն միայն Սյունիքն ու Գեղարքունիքը: Միջոցառումները երկարաժամկետ են եւ ուսումնասիրություններից հետո այդ համայքներին կառաջարկվի նաեւ մշակաբույսերի փոփոխություն, նոր մշակաբույսեր, որոնք ջրի նկատմամբ այդքան էլ պահանջկոտ չեն, ինչպես նաեւ կարող են մեծ շահույթներ ապահովել գյուղացիների համար: Այս ամենն իրագործելու համար համայնքներին նաեւ մասնագետներ կկցվեն:

Նախարարը մանրամասնեց, որ տարբերակված մոտեցում է լինելու ու բացառված չէ, որ տվյալ համայքի ոչ բոլոր հողամասերին է փոխհատուցում հասնում եւ միջոցներ կտրամադրվեն միայն վերը նշված կարգավիճակն ունեցող հողերի համար:

Նախարարը հայտնեց, որ միջոցառումները կբերեն մոտ 42 մլ խ. մ. ջրի խնայողության, որը Հայաստանի համար մեծ ցուցանիշ է: