• Մադրիդյան սկզբունքները ՀՀ-ի համար անընդունելի՞ են (տեսանյութ)

    Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը տարբեր առիթներով հայտարարում են, որ ԼՂՀ կարգավորման հարցում առաջնայինը կարգավիճակի հարցն է, ապա նաեւ, որ փախստականների վերադարձը հնարավոր են համարում կարգավիճակի որոշումից հետո միայն: Սա նշանակո՞ ւմ է, որ ՀՀ իշխանությունը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից: Այս հարցով դիմեցինք ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովին.

    -Մադրիդյան սկզբունքները դրանք վերջնական փաստաթուղթ չեն, ընդամենը առաջարկներ են, սկզբունքներ, եւ դեռ ընթանում են բանակցությունները. Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից առաջ էլ, հետո էլ Սերժ Սարգսյանն ասել է, որ մեզ համար գլխավոր հարցը ԼՂ-ի կարգավիճակն է, եւ որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ավելին վերջին հանդիպումների ժամանակ նախագահը հստակ ասաց, որ Մադրիդյան սկզբունքներում կան կետեր, որոնք մեր պատկերացումներից հեռու են:

    -Եվ այնուամենայնիվ, փաստաթղթում, որը կարծես թե համաձայնեցված է, որ լինի հիմք բանակցությունների համար, կարգավիճակի հարցը մղված է վերջին պլան:

    -Բայց այստեղ, ի տարբերություն Լիսաբոնյան առաջարկների, ընդունվում է ԼՂ-ի սուբյեկտ լինելը եւ փաստացի անկախությունը, ու հնարավորություն է ընձեռված հանրաքվեի միջոցով իրականացնել իրավական անկախությունը: Բայց եւս մեկ անգամ ասեմ, որ սա համաձայնեցված փաստաթուղթ չէ, հայկական կողմն էլ իր կարծիքը ասել է, որ կան կետեր, որոնց համաձայն է, եւ կան կետեր, որոնց համաձայն չէ:  

     -Էդվարդ Նալբանդյանը  ԱԺ-ում հայտարարեց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններից հետ կանգնել հնարավոր չէ եւ ինչ տեսքով որ համաձայնեցվել է, այդ տեսքով էլ պետք է ստորագրվի վերջնականապես: Հնարավո՞ ր է, որ Մադրիդյան սկզբունքների դեպքում էլ նույն մեխանիզմն աշխատի, թե՞  հնարավոր է, որ ՀՀ իշխանությունը դեմ լինի նորացված սկզբունքներին եւ չգնա խնդրի կարգավորման:

     -ՀՀԿ-ն հրապարակել է այն 3 կետերը, եւ եթե կլինեն սկզբունքներ, որոնք այդ երեք կետերին չեն համապատասխանի, բնականաբար հայկական իշխանությունները չեն համաձայնվի. մեր նպատակը չէ ամեն գնով լուծել հարցը, մեր նպատակն է լուծել Ղարաբաղյան հարցը հայանպաստ:

    -Իսկ նախաստորագրված արձանագրություններում Ղարաբաղյան խնդրի լուծմանը Թուրքիայի միջամտելու հնարավորություն չե՞ ք տեսնում:

     -Արձանագրություններում գոնե որեւէ նախապայման գրված չէ:

    -Իսկ տողատակո՞ ւմ:

    -Տողատակ պետք չի փնտրել, պետք է նայել այն, ինչ գրված է. բնականաբար Թուրքիան պետք է իր շահերը հետապնդի, ՀՀ-ն իր շահերը. Մենք պետք է այնպես անենք, որ իրոք շահած դուրս գանք:

  •