Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ Է ՊԼԱՆԸ

Տնտեսություն

Պարզվում է հանրապետությունում տիրող քաղաքական թոհուբոհը բարենպաստ է ազդել Մաքսային ծառայության վրա: Ծառայության վարչության պետ Արմեն Ավետիսյանը մամլո ասուլիսի ժամանակ հատարարեց, որ 2002 թվականին նախատեսված 90 մլրդ 400 մլն-ի փոխարեն հավաքագրվել է 92 մլրդ, 800 մլն դրամ մաքսային տուրք:

Նման «մեծ» արդյունքի վարչությունը հասել է խիստ վարչարարական մեթոդներ կիրառելով: Արդյունքում մաքսային ծառայողները շուրջ 193 մաքսանենգության դեպք են արձանագրել, որը ընդհանուր գումարային տեսքով կազմում մոտ 1.8 մլրդ դրամ:

Իսկ ինչ վերաբերում է մաքսային տուրքերին, ապա այս չորս ամիսների համար վարչությունը պլանավորել էր հավաքագրել21 մլրդ, սակայն արդյունքում 21 մլրդ 38 մլն դրամ է հավաքվել: Պրն Ավետիսյանը համոզված է, որ այդ գումարներն ավելին կլինեին, եթե նախագահական ընտրությունների` առաջինից, երկրորդ փուլն ընկած ժամանակահատվածում որոշ գործարարների հասցեին չհնչեին մի շարք անպատասխանատու արտահայտություններ:

Մաքսային վարչության պետը հավաստիացնում է, որ մաքսային ճկուն գնային նոր քաղաքականություն է մշակվել, որի արդյունքում այլ ապրանքատեսակների շրջանառության ավելացում եւ ըստ այդմ մաքսային խոշոր մուտքեր են նախատեսվում:

Մաքսային օրենսդրական դաշտից գոհ է պրն. Ավետիսյանը: Հատկապես օրենսդրական դաշտում առկա երկու հանգամանքներից, մաքսային ծառայության մասին օրենքի եւ կարգապահական կանոնադրության ընդունումից: Առաջինը ըստ վարչության պետի խիստ կանոնակարգել է մաքսային ծառայողների գործունեությունը, իսկ երկրորդով կանոնակարգվում է մաքսավորի պարտականությունների իրավունքները:

Ապրիլի տասից գործում է մեքենաների մաքսազերծման հատուկ մասնագիտացված կետ: Արմեն Ավետիսյանը ասում է, որ Հայաստան ներկրվող մեքենաների չորսից, վեց տոկոսն է մաքսազերծման կարիք զգում: Երեւի մաքսային վարչության իրավասության սահմաններից դուրս էր, թե չէ պրն Ավետիսյանը կբացատրեր, թե ինչպես են այդ մեքենաներից շատերը մի քանի պետական եւ ոչ պետական մաքսակետեր անցնում եւ դեռ ներքին գործերի կողմից էլ պաշտոնապես գրանցվում են ու անարգել շահագործվում: