Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ

Մարզեր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերջերս Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչների հետ նախընտրական հանդիպում անցկացրեց:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին գյուղացիները բազմաթիվ հարցեր ուղղեցին` հատկապես սոցիալական բնույթի: Տարեց մի գյուղացի էլ վարչապետին հարցրեց.

«Պարոն Մարգարյան, էսօր ամսի քանի՞ս է»: Վարչապետը հանկարծակիի եկած, ասաց. «Մայիսի 3-ն է»: Ծերունին շարունակեց. « Բա մենք մինչեւ հիմա ինչո՞ւ ջուր չունենք»:Խոսքը ոռոգման ջրի մասին էր:

Գյուղացիները այս տարի առանց այն էլ տուժել են երաշտից, իսկ մինչ օրս հույսները բնության ու մթնոլորտային տեղումների վրա էր:

«Ոռոգման հարցը շատ լուրջ է: Ջուր չկա: Մի բարակ առվից ոնց ոռոգենք մի ամբողջ հողամաս: Ոռոգման ջուրն էլ չեն տալիս»,- դժգոհում են Արարատի մարզի գյուղացիները:

Սակայն այսօր բացվեց Սեւան-Հրազդան ջրառի 18 կիլոմետր երկարությամբ ջրատարը, որը ջուրը Հրազդան գետից հասցնում է 16 համայնքների` ոռոգելով 4 հազար հեկտար հող:

«8600 ջրօգտագործող այսօր արդեն ստացավ ոռոգման ջուր: Այս ջրանցքը նպաստում է, որպեսզի Սեւանից պակաս ջուր բաց թողնվի»,- ասում է Մխչյանի ջրօգտագործողների միության խորհրդի նախագահ Վարդան Մովսիսյանը:

Ոռոգման ցանցը սակայն լուրջ նորոգման կարիք ունի: 300 կմ միայն ներքին ցանցն է, որի 90-92 տոկոսը հողային է, եւ միայն 8-10 տոկոսն է խողովակային կամ կիսախողովակային, այն էլ արվել է Համաշխարհային բանկի միջոցներով:

Այսօր գյուղացին բացի ոռոգման խնդրից, ունի նաեւ ոռոգման համար վճարելու խնդիր: Նա այսօր ստացավ ջուր, իսկ երբ կարող է վճարել այդ ջրի համար, հայտնի չէ:

Ի դեպ, հայտնի է նաեւ հետաքրքիր վիճակագրություն. վճարում են առավել անվճարունակները: